09 01 2020

Նորայր Փանոսյանի գործում բացակայում են հանցակազմի հատկանիշները. Գոհար Մելոյան

Նորայր Փանոսյանի գործում բացակայում են հանցակազմի հատկանիշները. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։

Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։

Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այսինքն, այն հիմքով եւ պատճառաբանությամբ, որ Փանոսյանին վերագրվող արարքը չի պարունակում նրան առաջադրված հանցակազմի հատկանիշները։

Ավելին, վերաքննիչ դատարանն ապօրինի եւ անհիմն էր ճանաչել ոչ միայն Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը, այլեւ՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշումը։

2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ նույն օրը, երբ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, դրա օր առաջ կենսագործման համատեքստում քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, եւ կրկին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան։

Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երկրորդ անգամ դատարան ներկայացնելու եւ այն բավարարելու միջեւ անցել է ընդամենը երկու շաբաթ, ինչը ՀՀ դատական պրակտիկայում աննախադեպ երեւույթ է եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած եւ ենթադրություններ է առաջացնում վերոնկարագրյալ շտապողականության իրական պատճառների վերաբերյալ։

Զուգահեռաբար հարկավոր է ընդգծել, որ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Փանոսյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից խուսափելու կամ թաքնվելու ուղղությամբ որեւէ գործողություն չի արձանագրվել։

Ավելին՝ հատկանշական է, որ համաձայն դեկտեմբերի 27-ին տարածված հաղորդագրության՝ փոփոխված մեղադրանքը ամբողջությամբ ներառում է Նորայր Փանոսյանի առաջադրված սկզբնական մեղադրանքը եւ դրա իրավաբանական որակումը, ինչի պարագայում Փանոսյանի կալանավորումն ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի նոյեմբերին կայացված եւ ներկա պահին օրինական ուժի մեջ գտնվող որոշմանը, ըստ որի՝ նրա գործողություններում պարզապես բացակայում են նրան վերագրվող հանցակազմի հատկանիշները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ