25 12 2019

Ազատ մամուլը վտանգված է․«Իրավական կրթություն և վերահսկողություն»

Ազատ մամուլը վտանգված է․«Իրավական կրթություն և վերահսկողություն»

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։

Մենք նախկինում եւս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, իսկ ազատ մամուլը ժողովրդավարական բանավեճի, կարծիքների բազամազանության երաշխավորը։ Մինչդեռ նախորդող օրերի իրադարձությունները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը, Հովտաշենում «Կենտրոն» ՀԸ լրագրողի եւ օպերատորի վրա հարձակումը, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը վկայում են, որ ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանման եւ յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականությամբ։

Մենք անհանգստացած ենք նաեւ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով ԵՊՀ շենքից բերման ենթարկելու դեպքով՝ համոզված լինելով, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է իրականացվի իրավական պետությանը հարիր երաշխիքների խստագույնս պահպանմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ