11 12 2019

Վերաքննիչն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը․ Փաստինֆո

Վերաքննիչն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ ««Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի բողոքը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 27-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ամբողջությամբ կամ մասնակի բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի նոյեմբերի 12-ի որոշումը և այն ուղարկել նոր քննության կամ ըստ անհրաժեշտության կայացնել նոր դատական ակտ։

Փաստաբանը վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանն անուշադրության է մատնել ինքնաբացարկի միջնորդության մեջ վկայակոչված փաստական մի շարք հանգամանքներ և փաստարկներ, ուշադրությունը կենտրոնացրել է միայն այն հարցի վրա, թե ինչու է իր քննած մեկ այլ, թիվ ԵԴ/0088/01/16 քրեական գործով թույլատրելի համարել գրավը, իսկ սույն գործով իրենց վստահորդի նկատմամբ՝ ոչ:

Ա.Վարդևանյանի գնահատմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը հիմնովին խախտում է օրենքի առջև հավասարության հիմնարար սկզբունքը, որպիսի պայմաններում կրկին անգամ հանգում ենք այն եզրահանգման, որ դատական ակտը ենթակա է բեկանման»:

Սույն բողոքի քննությունը դեկտեմբերի 4-ին մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, ով դեկտեմբերի 9-ին որոշել է այն թողնել առանց քննության»։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ