21 11 2019

Ոստիկանության շենքերի մուտքերը և հարցաքննության սենյակները կտեսաձայնագրվեն



ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին օրենքի փոփոխություններին: Նախագիծը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանը:

Նախագծով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Այդ սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները:  

Տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:

Նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները տրամադրվում են հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում, ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

Համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  3 տարվա ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ