Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։ Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ կալանքի և գրավի կիրառության դատական պրակտիկայի շրջանակում։ Պաշտպանը, մասնավորապես, ընդգծել է, որ. մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները, բավարար կենսագործված չեն դատարանների կողմից կալանքի կիրառության դեպքում «ազատության կանխավարկածով» առաջնորդվելու և կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն` որպես «վերջին միջոց» կիրառելու սկզբունքները, չկա օրենսդրական ուղղակի պահանջ, համաձայն որի՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանքի հարցը քննարկելուց առաջ պետք է դիտարկվի ավելի մեղմ խափանման միջոցների կիրառության հնարավորությունը, օրենսդրորեն կալանքի իրավաչափության գլխավոր պայմաններից պետք է համարվի դրա կիրառությունը բացառապես այն դեպքում, երբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը, գրավի կիրառման հարցը քննելիս դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն որոշելու, թե արդյոք գրավը արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու նպատակով։ Դատարանը չի կարող օրենսդրորեն կաշկանդված լինել այս հարցում,
Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով որպես գրավի կիրառման միակ պայման է դիտարկվում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը եզրահանգի, որ գրավը կարող է լինել ենթադրաբար հանցանք կատարած անձի կողմից քրեական գործի վարույթը չխոչընդոտելու գործուն երաշխիք, այսինքն՝ գրավի կիրառմամբ կարելի է անձին զերծ պահել քննությանը խոչընդոտելուց, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ, չի կարող կիրառել գրավ, և փաստորեն անձը պետք է մնա կալանքի տակ՝ ազատությունից կամայական զրկվածի կարգավիճակում։
Արդյունքում, Պաշտպանն արձանագրել է, որ խնդրո առարկա կարգավորումները կարող են վտանգել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Սահմանադրական դատարանի մոտեցումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակվում են իր որոշումներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը