03 10 2019

Արդյո՞ք հիմա խուզարկություններ են արվելու նաև ՄԻԵԴ շենքում. փաստաբան.Փաստինֆո

Արդյո՞ք հիմա խուզարկություններ են արվելու նաև ՄԻԵԴ շենքում. փաստաբան.Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ-ի ուղարկած դիմումը վարույթ ընդունելու փաստը վկայում է, որ այն կարող էր գոյություն ունենալ եւ կարող էր ներկայացված լինել, այսինքն, ՄԻԵԴ-ը, վարույթ ընդունելով, նաեւ արդեն իսկ գնահատել է, որ նման հարց քննարկելու անհրաժեշտություն կա եւ այդ հարցի քննարկումը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ուղարկված ՍԴ դիմումի վարույթ ընդունվելու փաստին։

Երվանդ Վարոսյանը բացատրեց՝ եթե Եվրոպական դատարանը տեսներ այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք չունենային իր խորհրդատվական կարծիքի անհրաժեշտությունը, վարույթի ընդունումը կմերժեր։

«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք՞ այս փաստն արդեն իսկ վկայում է ՀՀ ներպետական համակարգին ՄԻԵԴ-ի կողմից հղված որոշակի ազդակի մասին, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.«Մեր ներպետական դատական ատյանները, ցավոք, երբեք ՄԻԵԴ-ից ազդակներ չեն ստացել եւ այսօր էլ չեն ստանում, իրենք ազդակներ ստանում են կոնկրետ իշխանական կաբինետներից։ Եթե այդ ազդակների փոխանցման ճանապարհն է փոխվել, դա դեռ ոչինչ չի նշանակում, բայց ՄԻԵԴ-ի կողմից այդ դիմումը վարույթ ընդունելը նաեւ նշանակեց, ոչ միայն այն, որ ՍԴ-ի դիմումը առնվազն բավարարում էր քննարկմանն ենթակա դիմումների չափանիշին, այլեւ սա նշանակում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը, որը վերաքննիչ դատարանը բեկանեց՝ ի դեմս Արմեն Դանիելյանի, եւս հիմնավոր էր, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ, պարզաբանման անհրաժեշտություն կա եւ պարզաբանման անհրաժեշտություն կա անգամ միջազգային դատական ատյանում»։

Փաստաբան Վարոսյանը նաեւ նկատեց, թե դժվար է պատկերացնել, թե սրան ինչ արձագանք կարող է տալ ՀՀ իշխանությունը.«Արդյո՞ք Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի նման հիմա խուզարկություններ են արվելու նաեւ Ստրասբուրգում ՝ ՄԻԵԴ-ի շենքում»։

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը ։

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշումներից հետո հայտնի դարձավ, որ ենթադրյալ կեղծիքների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ կատարել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում՝ առգրավելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութերը, ապա քրեական հետապնդում սկսվեց նրա դեմ։ Նկատենք, որ հենց դատավոր Գրիգորյանի որոշմամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվեց եւ գործն ուղարկվեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը եւ Սահմանադրությամբ նախատեսված նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ