News.am-ը գրում է․ «Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագիծն անհասկանալի է թե՛ բովանդակային, և թե՛ նպատակային առումով։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ անհասկանալի է ներկայումս նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ գործող Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն սահմանում է և բանդիտիզմի, և հանցավոր համագործակցության համար։
«Կառավարության անդամներին և իրավապահ կառույցների ղեկավարներին, որոնք ջանասիրաբար պաշտպանում էին ներկայացված նախագիծը, ուզում եմ հարցնել, թե քանի՞ անգամ է Հայաստանում կիրառվել Քրեական օրենսգրքում առկա հանցավոր համագործակցության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը, որ մի հատ էլ նոր հոդվածների անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այս նախագիծը հերթական անգամ հասարակության ինչ–որ խավի ինչ–որ բան ցույց տալու նպատակ է հետապնդում։
Երվանդ Վարոսյանի խոսքով, եթե այս նախագիծն ընդունվի, ապա օրենքի կիրառման տեսանկյունից լուրջ վտանգների առջև կկանգնենք։
«Նախագիծն ինքնին կամայականության տարրեր է պարունակում և ակնհայտ է, որ դրա կիրառումը նույնպես լինելու է կամայական, քանի որ ներառված են այնպիսի տերմիններ և հասկացություններ, որոնք իրավական անորոշության դասական օրինակներ են»,– ասաց նա։
Իրավաբանի համար անհասկանալի էր օրենքում նախատեսված այն հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
«Նախագծում հստակ ներկայացված չէ, թե ինչ է ասել է քրեական ենթամշակույթ, ինչպե՞ս է որոշվելու, թե ով է դիմել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, ասենք` բարևելը արդյոք համարվելու՞ է դիմել, կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը անդամակցել։ Օրինակ, զրուցարանում գիշերը մարդիկ նստած կյանքի ճշտից են զրուցում և ինչ–որ մեկը միանում է, նշանակում է, դառնում է այդ խմբավորման անդա՞մ, այս իրավական անորոշությունն օրենք դառնալու իրավունք չունի, առավել ևս երբ դա վերաբերվում է Քրեական օրենսգրքին»,– ասաց նա՝ նկատելով, որ հետագայում ով ինչպես ցանկանա, այդ դրույթները կմեկնաբանի։
Իրավաբանի գնահատմամբ՝ նախագիծը հիմնավորումը նման է ճառի.
«Ներկայացված նախագիծն արժանի է իր հիմնավորումներին, լրիվ նույն մակարդակի վրա են։ Այստեղ օրենքի անհրաժեշտության հետ կապված իրավական անհրաժեշտության տարրեր չկան, մենք գործ ունենք իրավական արժեհամակարգի հետ, մենք քրեական օրենսգիրք ենք փոխում, սեղանի շուրջ նստած կենաց չէ սա»,– ասաց նա։
Նշենք, որ նախագծի հիմնավորմամբ՝ քրեական օրենսդրության շրջանակներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, անօրինական առավելությունների բացառմանը, ինչպես նաև պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանմանը և օրինապահ վարքագծի խթանմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը