23 08 2019

Քրեական հեղինակություն «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. Pastinfo.am

Քրեական հեղինակություն «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. Pastinfo.am

Pastinfo.am-ը գրում է.

«Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի՝ Ռուբեն Կոստանյանի վերաբերյալ քրեական գործը նրա մասով կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անձի`Ավետիս Ավետիսյանին, ում մասով գործն արդեն ուղարկվել է դատարան։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ «Բոգո»-ին, վերջինիս որդուն եւ քենակալին մեղադրանք էր առաջադրվել բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ըստ մեղադրանքի` նրանք քաղաքացուց պահանջել են 10.000 դոլար՝ 100.000 դրամի փոխարեն։ « Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։Ենթադրաբար պատճառված նյութականը վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար»,-հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն են ունեցել Կոստանյանը, որդին և քենակալը, որոնց էլ առաջադրվել է մեղադրանք», - ութ ամիս առաջ հայտնել էր քննչական կոմիտեն:

Սակայն հետագայում նախաքննական մարմինը հրաժարվել է քրեական հեղինակությանը առաջադրված մեղադրանքից: Նշենք, որ «Բոգո»-ն համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մերձավորներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ