«Առավոտը» հարցազրույց է անցկացրել Սահմանադրական դատարանի անդամ (1996-2014թթ.) Վալերի Պողոսյանի հետ
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն Պողոսյան, վերջին շրջանում աջ ու ձախ հայհոյում են, պախարակում ողջ դատական իշխանությունը, Դուք, որպես Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, որը շուրջ քսան տարի պաշտոնավարել է այդ պաշտոնում, ի՞նչ կարծիքի եք այդ ամենի մասին:
– Ինչպես միշտ, ձեր հարցը «բազմահարկ» է. նախ՝ ձեզ որոշ իրավաբաններ (ավելի ճիշտ՝ վայ-իրավաբաններ) կմեղադրեն անգրագիտության մեջ, որ չեք տարբերում դատարանի անդամին դատավորից (չէ-չէ մի՝ դատավոր): Երկրորդ, ոչ թե քսան, այլ ընդամենը 18 տարի եւ երրորդ, արդեն ես եմ ձեզ մեղադրում, որ ինձ համարում եք նախկին: Ես այսօր էլ Սահմանադրական դատարանի անդամ եմ 1996-2014 թթ. եւ այդպես էլ կլինեմ նաեւ 100 տարի անց: Իսկ այժմ անցնեմ բուն հարցին: Տպավորությունս այն է, որ Հայաստանում դատական իշխանություն չի եղել եւ չկա, բայց եղել է եւ կա դատական համակարգ: Եվ միաժամանակ ավելացնեմ, որ թեեւ Սահմանադրական դատարանը այդ համակարգի բաղկացուցիչ մասն է կազմել, բայց ես չէի ուզենա, որ ինչպես ասում են, դրանց բոլորին նույն արշինով չափեն, թեկուզ այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը իրավունքի դատարան է, այլ ոչ սովորական դատարան: Մեր դատական համակարգը եռաստիճան է, եւ երբեք Սահմանադրական դատարանը չի եղել չորրորդ ատյան եւ իր գործառույթներով էապես տարբերվում է մյուսներից եւ, իմ կարծիքով, իր թերություններով (ավելացնեմ նաեւ՝ բազմաթիվ եւ բազմապիսի) հանդերձ, գործող Սահմանադրության եւ օրենսդրության ընձեռած սահմաններում, այնուամենայնիվ, հիմնականում կատարել է իր առաքելությունը: Ինչ վերաբերում է «աջ ու ձախին», մանավանդ «ձախին», ապա դրա ակունքները պետք է փնտրել այլ՝ քաղաքական ոլորտում, որը մեզանում երբեք չի եղել բարոյական: Թեեւ իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ իբրեւ իրավաբաններ հանդես եկող անձինք երբեմն ցուցաբերում են այնպիսի մարտնչող տգիտություն, որ չգիտեմ ինչպես որակել:
– Պ-ն Պողոսյան, Սահմանադրական դատարանի առաքելությանը դեռ կանդրադառնանք, բայց այժմ ուզում եմ պատասխանեք մի հարցի, որքան տեղյակ եմ, Դուք միշտ հպարտացել եք, որ երկար տարիներ աշխատել եք Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, Սահմանադրական դատարանում Ձեր կատարած աշխատանքով հպարտանո՞ւմ եք: Կարդացեք նաև Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդգնում է հակադարձել ՀՀ վարչապետին. «Ժողովուրդ» 16-րդ արձանագրությունը դեռևս նոր ընդունված փաստաթուղթ է. Եվրոպական դատարանն այդ առումով դեռ մեկ դեպք է ունեցել․ «Փաստ» «Եթե կան տերեր փնտրող դատավորներ` ամենալավ վեթթինգը դա է»
-Այո՛, միշտ հպարտ եմ եղել, այսօր էլ շարունակում եմ պարծենալ Հանրագիտարանում ավելի քան 20 տարվա իմ աշխատանքով: Ես ղեկավարել եմ փիլիսոփայության եւ իրավունքի խմբագրությունը եւ չնայած մարքս-լենինյան գաղափարախոսության տոտալ ճնշմանը, կարողացել ենք, իհարկե, շնորհիվ մի խումբ չափազանց գիտուն, պրոֆեսիոնալ մասնագետների, ընթերցողին մատուցել բարձրորակ հանրագիտական հոդվածներ, որոնցից շատերը այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը եւ համապատասխանում են գիտական լավագույն չափանիշներին: Եվ ինձ համար շատ ուսուցողական մի փաստի մասին: Հոդվածներից մեկում մեջբերում էր կատարված մի հակասովետական համարվող տրամաբան-փիլիսոփա հեղինակից (Զինովեւ), որոշեցի այդ հատվածը թողնել հոդվածում, ինձ հետաքրքիր էր՝ «Գլավլիտ» կոչվածը այդ մեջբերումը կհանե՞ր, թե՞ ոչ: Եվ հուրախություն ինձ, «Գլավլիտը» ձեռք չէր տվել այդ հատվածին եւ Հանրագիտարանի այդ հատորը այդպես էլ լույս ընծայվեց: Այդ պահից սկսած ես եւ իմ ընկերները հասկացանք, որ ամենագլխավոր գրաքննիչը մենք ինքներս ենք եւ, եթե չունենք ներքին անկախություն, ապա ամբողջությամբ վերածվում ենք ստրկամիտ վախեցածների ու սկսում ենք մեղադրել միայն ուրիշներին, բայց ոչ երբեք ինքներս մեզ: Բացի այդ, հանրագիտարանական տարիներին սովորել ենք հայերեն գրել, մտքերը շարադրել հստակ, հնարավորինս կարճ, առանց ավելորդաբանությունների, յուրաքանչյուր հասկացություն լուսաբանել ինչպես այլ մասնագիտական հասկացությունների, այնպես էլ ամբողջ Հանրագիտարանի համատեքստում (այնպես, ինչպես սահմանադրական դրույթները կարող են պարզաբանվել, բացատրվել միայն ողջ Սահմանադրության համատեքստում): Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանում իմ աշխատանքին, ապա ամենեւին չեմ ամաչում իմ աշխատանքի համար, միշտ աշխատել եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել եւ հնարավորինս օգտակար լինել, իմ պահվածքով չարատավորել Սահմանադրական դատարանի անդամի վեհ կոչումը: Որքանով է ինձ հաջողվել, թող դատեն ուրիշները: Ամբողջ ցավն այն է, որ այս անիմաստ աղմուկը հրահրողները չեն հասկանում, որ կպչում են նախ եւ առաջ իմ արժանապատվությանը. ստացվում է, որ մոտ քսան տարվա իմ աշխատանքը ծառայեցրել եմ իշխանությանը: Կներեք, բայց ես դրա հետ համաձայնել չեմ կարող: Ես հուսով եմ, որ երբեւէ իմ զավակներն ու թոռները չեն ամաչի իմ պատճառով: Այդ իրենք թող հիշեն ու վախենան իրենց ոչ վաղ անցյալում կատարած քայլերի համար:
– Այժմ անդրադառնանք Սահմանադրական դատարանի առաքելությանը: Ո՞րն է այդ առաքելությունը եւ ի՞նչ է կատարել Սահմանադրական դատարանը այդ առումով:
– Այդ մասին կարելի է երկար խոսել, բայց առայժմ ներկայացնեմ միայն մի քանի նկատառում. առաջին՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, երկրորդ, օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, երրորդ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը: Կարճ ասած, ցանկանում եմ ընդգծել, նպաստել իրավական պետության ստեղծմանը: Այս սկզբունքներով էլ Սահմանադրական դատարանը իր որոշումներում մշտապես ուղղորդվել է եւ քիչ բան չի կատարել: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ասենք Սահմանադրության գերակայության ապահովման գործը միայն Սահմանադրական դատարանինը չէ: Այն վերապահված է բոլոր պետական մարմիններին, առաջին հերթին Ազգային ժողովին, կառավարությանը, բոլոր դատարաններին եւ իհարկե՝ Հանրապետության նախագահին: Չմոռանանք նաեւ ԶԼՄ-ների դերը: Բայց, չգիտես ինչու, այդ բոլոր թվարկածս մարմինները քաշվել են մի կողմ, մեղմ ասած, չկատարելով իրենց սահմանադրական պարտավորությունը, հրապարակը զիջել են Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն էլ կատարել է այնքան, որքան կարողացել է: Կարող եմ փաստել, որ եթե այսօր շատերը օգտագործում են «իրավունքի գերակայություն» «օրենքի իշխանության» փոխարեն, ապա դա եղել է շնորհիվ Սահմանադրական դատարանի, թեեւ այսօր էլ շատերը, իմ համոզմամբ, չեն հասկանում դրա կարեւորությունը: Այդ մասին են վկայում դատական որոշումները, մեր ողջ պետական ապարատի անձնակազմի (չինովնիկության) գործունությունը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց երբ քաղաքացին դիմում է իր խախտված իրավունքը վերականգնելու համար, միանգամից դիմում են օրենքին, իբր դա օրենքով է արվել: Բայց եղբայր, եթե անգամ օրենքով է արվել, չէ՞ որ դրանով խախտված իրավունքը չվերականգնվեց: Բայց այդ հանգամանքը ոչ մի չինովնիկի, անգամ բարձրագույններին չի հետաքրքրում: Դե քաղաքացի, ընկիր դռնեդուռ, ծախսեր արա, վերջն էլ պարզ չի՝ կհաջողվի՞, թե՞ ոչ: Ի՞նչ է մնում քաղաքացուն, դիմել ՄԻԵԴ, այն էլ հարցի լուծումը կիրականանա լավագույն դեպքում շատ-շատ տարիներ անց: Բայց կա հարցի լուծման կարճ ճանապարհ՝ կաշառք: Եվ այդ մասին գիտեն բոլոր պատասխանատու անձինք եւ ոչինչ չեն ձեռնարկում, ինչն էլ ստիպում է ենթադրել, որ այդ կաշառքից իրենք բաժին ունեն: Հաջորդը, ՍԴ-ի որոշումներով հակասահմանադրական են ճանաչվել բազմաթիվ օրենքների հարյուրավոր դրույթներ եւ միաժամանակ այդ որոշումներում արտահայտվել են հազարավոր իրավական դիրքորոշումներ: Բացի այդ, հարյուրավոր դրույթներ, որոնք Սահմանադրական դատարանը համարել է, որ համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն այդ դրույթները պետք է կիրառվեն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում: Իսկ դա վկայում է այն մասին, որ մասնավորապես, դատարանները այդ դրույթները մեկնաբանել են ոչ ճիշտ: Անգամ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ այս կամ այն դրույթը ուղղակի համապատասխանում է Սահմանադրությանը, միեւնույն է՝ իր որոշումը հիմնավորելու համար արտահայտել է որոշակի իրավական դիրքորոշումներ, որոնք անշուշտ նպաստել են օրենքի այդ դրույթի ճիշտ կիրարկմանը: Բերեմ հասարակ մի օրինակ, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Վճռաբեկ դատարանին, որ քաղաքացու դիմումը մերժելիս տա պատճառաբանված որոշում: Հիմա ձեզ հարց եմ տալիս, Սահմանադրական դատարանի այս բոլոր որոշումներով քանի՞ մարդ է կարողացել վերականգնել իր խախտված իրավունքը: Համոզված եմ, որ դրանց թիվը չափազանց մեծ է եւ չափվում է ոչ թե հազարներով, այլ տասնյակ հազարներով, եթե ոչ ավելին: Կարծում եմ՝ նաեւ պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշումները մեծապես նպաստել են ողջ օրենսդրության բարելավմանը: Ավելին, թե բազմաթիվ պատգամավորներ, թե՛ դատավարությունների մասնակիցներ, թե՛ քաղաքական գործիչներ, ամենուր եւ այսօր էլ վկայակոչում են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները որպես իրենց թեզը հիմնավորող փաստարկներ: Նշեմ նաեւ միջազգային պայմանագրերի մասին, որոնք վավերացվելուց առաջ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի որոշումը: Երբ դեռեւս 1996 թվականին Սահմանադրական դատարանը քննում էր առաջին պայմանագրերը, պարզվեց, որ դրանք կազմված են ոչ պատշաճ մակարդակով՝ անտեսված են սահմանադրական դրույթները: Սակայն շնորհիվ Սահմանադրական դատարանի ջանքերի, դրանց մակարդակը բարեբախտաբար աստիճանաբար բարելավվեց, որում անուրանալի է Սահմանադրական դատարանի կատարած աշխատանքը, բայց ինչին անտեղյակ է հանրությունը: Մանավանդ պայմանագրի տեքստերը պատրաստողները այդ մասին չեն բարձրաձայնում: Իր ավելի քան քսանամյա գործունեության տարիներին Սահմանադրական դատարանը ձեռք է բերել միջազգային բարձր վարկ, եւ դա ոչ միայն, ինչպես ասում են՝ սիրուն աչքերի համար, այլ շնորհիվ իր որոշումների: Այնպես, ինչպես Սահմանադրական դատարանն է ուսումնասիրում այլ Սահմանադրական դատարանների, ՄԻԵԴ-ի ընդունած որոշումները, մոտեցումները, լուծումները, այնպես էլ մյուս երկրների դատարաններն են ուսումնասիրում մեր որոշումները: Եվ փառք Աստծո, կարող եմ համոզված պնդել, որ Սահմանադրական դատարանների որոշումները ոչնչով չեն զիջում: Եվ նաեւ հպարտությամբ կարող եմ ասել, որ ամբողջ ետխորհրդային եւ ետսոցիալիստական երկրների շարքում բարձրագույն աստիճանում են գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները: Բացի այդ, Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարի Երեւանում կազմակերպել է միջազգային գիտաժողովներ՝ նվիրված արդի իրավագիտության ամենատարբեր տեսական ու գործնական հիմնախնդիրներին, որին մասնակցել են հարյուրավոր սահմանադրագետներ, իրավաբաններ, դատավորներ բազմաթիվ երկրներից: Այստեղ չեմ կարող չնշել Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի անուրանալի, հսկայական կազմակերպական ջանքերը: Հիմա, խնդրում եմ, դուք ասեք, թե ինչով է պայմանավորված Սահմանադրական դատարանի շուրջ, ոչնչից ստեղծված աղմուկ-աղաղակը:
– Պարոն Պողոսյան, Ձեր նշած փաստարկները բավական համոզիչ են, սակայն Դուք ոչինչ չասացիք ընտրական վեճերի մասին: Չէ՞ որ Սահմանադրական դատարանի վերաբերմամբ կարծիք ստեղծելու հարցում թիրախավորվում են հատկապես՝ այդ ընտրական վեճերը:
– Ցավոտ հարց եք տալիս: Չգիտեմ այդ աղմուկ-աղաղակների հեղինակներին ինչում մեղադրել. չիմացության, վատ իրավաբան լինելու, քաղաքական խաղերին մասնակցելու, հեղափոխական երեւալու, թե՞ ինչ: Ընդհանուր տպավորությունս այն է, որ առկա է տարրական անբարո վարքը, ինչը սովորաբար հատուկ է շատ քաղաքական գործիչների: Առաջին հանգամանքն այն է, որ ընտրությունների մասին խոսացողների գերակշիռ մասը, համոզված եմ, երբեք չի կարդացել Սահմանադրական դատարանի որեւէ որոշում, բացի եզրափակիչ մասից: Չէ՞ որ որեւէ որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հանգամանորեն ներկայացնել այն փաստարկները, որոնց հիման վրա էլ կայացվում է որոշումը, չէ՞ որ այդ որոշման մեջ տրված են դիմումատուի բոլոր հարցադրումների պատասխանները (փաստարկված եւ հիմնավորված), նոր միայն այդ ամենի հիման վրա էլ կատարվում է եզրակացություն: Երբեւէ որեւէ մեկը Սահմանադրական դատարանին մեղադրե՞լ է անտրամաբանական եզրակացության համար: Ես այդպիսի որեւէ դեպք չեմ հիշում, պարզապես այդպիսիք չեն եղել: Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասը որեւէ մեկը չի կարդացել, կամ եթե կարդացել է՝ չի հասկացել, կամ չի ուզեցել հասկանալ: Եթե հասկանային, ապա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ կուսակցությունները եւ պատգամավորության թեկնածուները իրենք իրենց հարց պետք է տային եւ հասկանային առաջին հերթին իրենց թերացումները, բացատրություն տային, թե ինչու ընտրությունների ժամանակ իրենց ներկայացուցիչները, օրինակ, վստահված անձինք, չեն կատարել կամ չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները, չեն օգտվել իրենց օրինական իրավունքներից, չեն բերել ոչ մի բողոք: Սրանք բոլորը վարվել են թույլ մարդկանց հատուկ վարքագծով՝ իրենք շատ լավն են, իսկ այ մնացած բոլորը սրիկաներ են, պատեհապաշտներ, անիրավներ: Այդ ինչո՞ւ ընտրություններում պարտվածները միայն մի փաստարկ ունեն. ընտրությունները կեղծված են, թե չէ իրենք կունենային տասն անգամ ավելի շատ քվե, իսկ իրենց թերացումների մասին ոչ մի ծպտուն: Բայց չէ՞ որ այդ քաղաքական ուժերը պետք է կարողանան հաղթահարել այդ խութերը, հակառակ պարագայում պետք է այլեւս չմասնակցեն քաղաքական պայքարին: Ի՞նչ է, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում ընտրակեղծիքներ չե՞ն եղել: Եղել են, այն էլ ոչ մերից պակաս, եթե ոչ ավելի, բայց այդ երկրներում քաղաքական պայքարի արդյունքում կարողացել են հաղթահարել այդ դժվարությունները, պայքարել իրենց քաղաքական իրավունքների համար եւ, վերջապես, հաջողել են: Արդեն մի անգամ անդրադարձել եմ մեր կուսակցություններին եւ արձանագրել, որ Հայաստանում բառի բուն իմաստով կուսակցություններ գոյություն չունեն, դրանք բոլորը գրպանային են (տես՝ «Ինչո՞ւ չենք ունենում ընդդիմություն», «Առավոտ» 9.11.2018թ.), իսկ եթե չկա նորմալ կուսակցություն, չի կարող լինել բնականոն ընտրություն: Մյուս հարցը: Ձեր կարծիքով, ինչո՞վ բացատրել, որ շուրջ 2 տասնամյակի ընթացքում երբեւէ Սահմանադրական դատարանին չեն դիմել Ընտրական օրենսգրքի որեւէ դրույթի սահմանադրականության հարցով: Ինչո՞վ բացատրել, որ մեր խորհրդարանական ընդդիմությունները, չնչին բացառություններով, չեն կարողանում դիմել Սահմանադրական դատարան օրենքների սահմանադրականության հարցով (պատգամավորների մեկ երրորդը, 2005 թ. հետո մեկ հինգերորդը): Որեւէ պատգամավոր, թե՛ նախկին, թե՛ նորօրյա, իշխանական, թե ընդդիմադիր, կարող է բացատրել, թե ինչու չի ստորագրում Սահմանադրական դատարան ուղղված այդպիսի դիմում: Մի՞թե իրեն հետաքրքիր չէ, թե այդ դրույթը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ: Եթե անգամ իրեն չի հետաքրքրում, չէ՞ որ դա միշտ հետաքրքրում է իրեն ընտրողին: Այդ ինչո՞ւ 2005 թվականից հետո, անհատական դիմումների հիման վրա այդքան դրույթներ ճանաչվեցին հակասահմանադրական: Նախ՝ Սահմանադրական դատարանին վարկաբեկողներին ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրական դատարանը գործում է միայն ու միայն օրենքների շրջանակներում: Ինչ վերաբերում է ընտրական վեճերին, ապա այդ դեպքում եւս գործում է օրենքների ընձեռած հնարավորությունների շրջանակներում: Ընտրական վեճի պարագայում Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին ավելանում է Ընտրական օրենսգիրքը: Ըստ վերջինիս՝ համապետական ընտրությունների ժամանակ կատարված բոլոր ընտրախախտումների, ապօրինությունների դեպքում ընտրական հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, դիտորդները եւ այլն (այլ կերպ ասած՝ մի հսկայական բանակ), իրենց բողոքները, դժգոհությունները պետք է ներկայացնեն՝ ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողով, դատախազություն, ոստիկանություն, առաջին ատյանի դատարան, Վճռաբեկ դատարան: Բայց չէ՞ որ թվարկված բոլոր մարմինները գտնվել են գործադիր իշխանության կրնկի տակ: Դրան հավելած՝ ո՞վ է Ընտրական օրենսգրքի կնքահայրը, եթե ոչ այդ նույն գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, որ գլխավորել են քաջածանոթ Հանրապետության նախագահները: Այսպիսի պայմաններում՝ ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտում, առանց իրավական ճանապարհով ձեռք բերված որեւէ իրավական ակտի, Սահմանադրական դատարանը ի՞նչ որոշում կարող է ընդունել: Չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, ՍԴ-ն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է եւ՛ այդ մարմինների, եւ՛ օրենքի թերացումներին: Այսինքն՝ իրողությունն այն է, որ բոլոր այն նետերը, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանին, անհրաժեշտ է ուղարկել ճիշտ թիրախին: Ես կարող եմ շարունակել, այլ հիմնավորումներ եւս բերել Սահմանադրական դատարանի կատարած դրական աշխատանքը ցույց տալու համար, չհաշված այն փաստարկները, որոնք կվկայակոչեն իմ գործընկերները, եթե նրանց դիմեք: Բայց ամենահամոզիչ ապացույցն այն է, երբ անձամբ ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ հետեւյալ հարցով՝ «չի՞ լինի, որ առաջին ատյանի դատարանից հետո բողոքը ներկայացնենք Սահմանադրական դատարան»: Այսինքն՝ այն թեզը, որ Սահմանադրական դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, շինծու է: Այս ողջ պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ երբեւէ այն կարծիքին չեմ եղել, որ Սահմանադրական դատարանի աշխատանքը եղել է իդեալական, առանց թերացումների ու թերությունների: Քավ լիցի, անձամբ ես, բազմաթիվ անգամ հանգել եմ այն եզրակացությանը, որ Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումը կարելի էր այլ կերպ հիմնավորել, անգամ հակառակ որոշումը ընդունել, կամ…… եւ այլն: Այս առումով բերեմ մի տիպական օրինակ: Սահմանադրական դատարանը քննում էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ՀԿ նախագահ Ա. Սաքունցի դիմումը, որը բողոքարկում էր Վանաձոր համայնքի ավագանու որոշումը: Այդ բողոքը, օրենքին համապատասխան, մեր դատական ատյանները չէին ընդունել քննության: Սահմանադրական դատարանը այդ առնչությամբ ընդունեց համապատասխան որոշում (2010.07.09, ՍԴՈ-906), ըստ որի՝ ՀԿ-ները իրավունք ունեն դատարանում բողոք ներկայացնել ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների դեմ: Այս որոշումը, բնականաբար, գոհացրեց շատերին՝ եւ՛ դիմողին, եւ՛ բոլոր համայնքների անդամներին, եւ՛ մյուս ՀԿ-ներին: Իհարկե, հավանաբար կային նաեւ դժգոհներ՝ համայնքների ղեկավարները եւ ավագանիների շատ անդամներ եւ նրանց հովանավորողները, որոնք համայնքային սեփականության յուրացման հարցերով շահագրգռված էին, ինչպես նաեւ դատարանները, որոնց ծանրաբեռնվածությունը կաճեր եւ այլն: Կարծում եմ, ընդհանուր առմամբ ճիշտ եւ լավ որոշում էր: Սակայն, այդ հարցին հետագայում անընդհատ վերադառնում էի, որովհետեւ գործի քննության ընթացքում ծանոթանալով եւ վերլուծելով այդ հարցին առնչվող ողջ օրենսդրությունը՝ Սահմանադրությամբ հանդերձ, միջազգային փորձին եւ այլն, հանգեցի այն եզրակացության, որ գործող Սահմանադրության եւ օրենսդրության պայմաններում չի կարող լինել տեղական ինքնակառավարում, քանզի համայնքի բնակիչը օտարված է հանրային (համայնքային) սեփականությունը տնօրինելուց, եւ՛ Սահմանադրությամբ, եւ՛ օրենքներով ամբողջը հանձնվում է համայնքի ղեկավարին եւ ավագանուն, որոնք էլ օրենքի սահմաններում իրականացնում են իրենց շահադիտական գործունեությունը: Այսօր այդ մասին անընդհատ խոսվում է, որովհետեւ հազարավոր հեկտարներ սեփականաշնորհվել են եւ համայնքները մնացել են ձեռնունայն: Այդ մասին շատ տարիներ անց այդ ամենը շարադրեցի մի հոդվածով («Ինքնակառավարման» կառավարումը», ՍԴ տեղեկագիր, 2015, թ. 3): Այլ կերպ ասած, ավելի ուշ հանգեցի այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը ոչ թե վատն է, այլ բավականին թերի է: Ասելիքս այն է, որ երբեւէ այն կարծիքին չեմ եղել, որ Սահմանադրական դատարանի աշխատանքը իդեալական եւ անթերի է եղել: Օրինակ, ինձ միշտ անհասկանալի է եղել, որ միշտ Սահմանադրական դատարանը նույնացվել է Նախագահին, կամ Սահմանադրական դատարանի նախագահը եւ Հանրապետության նախագահը հարեւաններ են, կամ երբ ՍԴ անդամի անփոփոխելիության սկզբունքը վերագրվել է նաեւ նախագահին, կամ Հանրապետության նախագահը որտեղից է իմացել, թե Սահմանադրական դատարանի անդամները ինչպես են քվեարկել: Դժբախտաբար, Սահմանադրական դատարանի անդամը չէր կարող այդ ամենի մասին բարձրաձայնել: Բայց ես, որ այսօր պաշտոնաթող եմ, արդեն կարող եմ, բայց, ցավոք, ոչ մի անգամ այս հինգ տարվա ընթացքում այդ մասին որեւէ լրագրող, որեւէ մասնագետ հարց չի ուղղել: Նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի կարգավիճակը եւ դատավորների կարգավիճակը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, բայց որեւէ մեկը չհարցրեց. դա լա՞վ է, թե՞ վատ: Ներողություն, շատ երկարացրեցի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը