Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլ ծառայությունը:
Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով:
Նշված քրեական գործերից 42-ը հարուցվել է ֆի զիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը՝ լրատվամիջոցների, իսկ 16-ը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 14 պաշտոնատար անձ: Նրանցից 7-ը մարզի տարբեր դպրոցների՝ մասնավորապես՝ Այգեվան, Հացիկ, Բերքաշատ, Լենուղի և Բաղրամյան գյուղերի հանրակրթական դպրոցների, Մեծամորի արվեստի դպրոցի և Էջմիածնի քոլեջի տնօրեններ են, որոնց մի մասին մեղսագրվում են կաշառք ստանալու, մյուս մասին՝ վատնման կամ յուրացման միջոցով հափշտակություն կատարելու հանցավոր արարքներ: Իսկ քրեական հետապնդման ենթարկված մյուս 7 անձինք տարբեր համայնքների՝ Մրգաստան, Հայթաղ, Տարոնիկ, Զարթոնք, Մրգաշատ, Բաղրամյան, Արմավիր գյուղական համայնքների ղեկավարներ են: Նրանք մեղադրվում են առերևույթ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Նշված ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել է նշված բնույթի 6 գործ՝ 7 անձի վերաբերյալ, ինչը կրկնակի ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և ավարտված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 12մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Համեմատության համար նշենք, պատճառված վնասը մոտ 1մլն դրամով ավելի է, քան ողջ 2018 թվականի ընթացքում հայտնաբերված վնասի չափը: Իսկ վերականգնման առումով 2019թ. առաջին կիսամյակը 63 տոկոսով ավելի արդյունավետ է եղել նախորդ ողջ տարվա համեմատությամբ:
Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ ներկայացվել են թվով 4 միջնորդագրեր, որոնց քննարկման արդյունքում 2 դպրոցի տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը