Իրավաբան Վահագն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի՛ իրավաբաններ (հատկապես՝ փաստաբաններ), ուզում եմ խոսեմ էն մասին, թե ոնց ա կարելի «չմուծել վարկերը» ու դատարանում «ջրից չոր դուրս գալ»։ Գնացինք.
1) Ձեր հաճախորդը չի մուծում վարկը, և բանկը հայց ա ներկայացնում հաճախորդի դեմ։
2) Բանկը դատարան ա ներկայացնում մի շարք փաստաթղթեր (վարկային պայմանագրեր և այլն)։
3) Ի՞նչ ա կարելի անել։ Մինչև ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում կայացնելը, կարելի ա հայտարարել, որ բանկի կողմից բերված պայմանագիրը «իսկական չէ»։ Օրինակ՝ ասել, որ այն հաճախորդի կողմից չի ստորագրվել (քաղ. դատ. օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մաս)։
4) Դրանից հետո բանկը պարտավոր կլինի ապացուցել, որ իր բերած պայմանագիրն «իսկական է»։ Եթե խոսքը գնում ա ստորագրության մասին, ապա բանկը պարտավոր կլինի ապացուցել, որ պայմանագրի վրայի ստորագրությունը ձեր հաճախորդինն ա (քաղ. դատ. օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մաս)։
5) Այսինքն, պայմանագրի վրայի ստորագրությունը կհամարվի «կեղծ» էնքան ժամանակ, քանի դեռ բանկը չի հիմնավորել, որ այն իսկական ա։
6) Ինչպե՞ս պետք ա հիմնավորվի պայմանագրի (ստորագրության) իսկական լինելը։ Բանկը պետք ա պահանջի դատաձեռագրաբանական փորձաքննություն։ Նման գործերով դատարանն իրավունք չունի առանց կողմի պահանջի փորձաքննություն նշանակել։
7) Արդյո՞ք բանկը կներկայացնի փորձաքննության պահանջ։ Ինձ թվում ա, որ շատ դեպքերում՝ ոչ։ Ինչո՞ւ։ Քանի որ բանկի իրավաբանները շատ ծանրաբեռնված են լինում ու հաճախ նույնիսկ նիստերին չեն գալիս, ժամանակ չեն ունենում գործին հետևելու և այլն։
8) Եթե բանկը միջնորդություն չներկայացրեց, ապա բանկի հայցը պետք ա մերժվի, քանի որ նրա կողմից ներկայացված պայմանագիրը դատարանի կողմից պետք ա համարվի «ոչ իսկական»՝ կանխավարկածի ուժով։
9) Եթե անգամ բանկը ներկայացնի փորձաքննության պահանջ, բոլորս գիտենք, որ դատաձեռագրաբանական փորձագետները հաճախ չեն կարողանում կոնկրետ եզրակացություն տալ։ Իսկ եզրակացության «ոչ կոնկրետությունը» պետք ա մեկնաբանվի ի վնաս ապացուցման բեռը կրող կողմի՝ բանկի (քաղ. դատ. օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մաս)։
10) Այսինքն, հաղթում ենք նաև էն դեպքում, եթե փորձագետի եզրակացությունը միանշանակ և հստակ չի։
11) Իսկ եթե եզրակացությունը հստակ եղավ, ու հաստատվեց, որ ստորագրությունը հաճախորդինն ա, ապա ի՞նչ ենք կորցնում։ Ընդամենը կրում ենք փորձաքննության ծախսերը (ասենք մի 60.000 դրամ)։ Դրա փոխարեն, շահում ենք ժամանակ, քանի որ փորձաքննությունը տևում ա մի քանի ամիս։
– Իհարկե, սա «ավանտյուրա» պարունակող քայլ ա, որին ես անձամբ դեմ եմ։ Իհարկե, էս մեխանիզմի հետ չի կարելի «բացարձակ» հույսեր կապել։
– Եթե վարկային պայմանագիրը վավերացված լինի նոտարական կարգով (ինչը հազարից մեկ ա արվում), ապա էս մեխանիզմը չի գործի։
– Սա կաշխատի մենակ փոքր ու միջին վարկերի դեպքում. մեծ վարկի դեպքում բանկը, բնականաբար, շատ ուշադիր կլինի գործի նկատմամբ։
– Մեխանիզմի աշխատելու համար պետք ա, որ բանկի իրավաբանը լինի կամ շատ զբաղված, կամ դատավարությունից քիչ հասկացող (կամ երկուսն էլ միասին)։
– Որոշ դեպքերում մեխանիզմն ուրիշ կերպ կարա գործի (օրինակ՝ պարզեցված վարույթի դեպքում կան որոշ առանձնահատկություններ)։
– Շատ բան ա կախված նաև կոնկրետ դատավորի անձից և նրա կայացրած ապացուցման բեռի բաշխման որոշումից։
– Ունե՞ն արդյոք բանկերը քաղաքականություն էս մեխանիզմի դեմ։ Չգիտեմ։ Ըստ DataLex-ի՝ մեխանիզմը կիրառվել ա ընդամենը մեկ անգամ ու ոչ բանկի դեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը