11 07 2019

ԲԴԽ-ն նիստ կհրավիրի Նախշուն Տավարացյանի հարցով․ Երվանդ Խունդկարյան

ԲԴԽ-ն նիստ կհրավիրի Նախշուն Տավարացյանի հարցով․ Երվանդ Խունդկարյան

Դատավորների ընդհանուր ժողովից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է քննարկվել նիստին։

Նա նշեց, որ ժողովին չեն քննարկել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը՝ ուղղված բոլոր դատավորներին։

«Դատավորներն ընդհանուր ժողովին պատրաստվելու զատ, այլ աշխատանքներ են իրականացնում, չի կարելի դատավորներին ասել, որ սեղմ ժամկետներում ծանոթանան»,-ասաց նա: 

ԲԴԽ անդամներին վեթինգի ենթարկելու հարցին ի պատասխան՝ վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ նիստին ոչ թե դատավորները վեթինգի էին ենթարկվելու, այլ կատարելու էին իրենց ընտրությունը։ «Ընտրվել են այն անձինք, ում դատավորների համայնքը վստահում էր»,- ասաց նա։

Անդրադառնալով 9 ամիս առաջ հրաժարական ներկայացրած, սակայն հուլիսի 11-ին ԲԴԽ անդամի երդում տված Նախշուն Տավարացյանի հարցին՝ Խունդկարյանը նշեց, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում է դտվել՝ ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը։ 

«Որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով Նախշուն Տավարացյանը, ցանկանալով ապահովել դատական համակարգում համերաշխությունը, հայտնեց, որ չի ցանկանում երդում տալ և հրաժարական կներկայացնի ԲԴԽ–ին։ Դրանից հետո ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ և համապատասխան հրաժարական ներկայացրած դատավորը հրավիրվել էր այդ նիստին։ ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև տիկին Տավարացյանը չերդվի՝ նրա հրաժարականի հարցին անդրադարձ չի կարող լինել։ Այսօր Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկազբունքը նորից երդում տվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ ԲԴԽ–ն պետք է նիստ հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժողովի ընթացքում 11 թեկնածուներից ԲԴԽ անդամ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Այս մասին հայտնել է ԲԴԽ անդամի թեկնածու, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ