04 07 2019

Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե անձի․ ԱՆ



Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ։

Ինչպես նշվում է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության  վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» 2003 թվականի կոնվենցիա (վավերացված 2003 թվականին):

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիա (վավերացված 2008 թվականին) և այլն:Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարարականներ:

Ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունն ընդգծող հետևյալ հանձնարարականներից՝ Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականի ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման և 2016 թվականի Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություններով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառվում է մայրցամաքային և ընդհանուր իրավունքի առաջադեմ պետություններում (ընդ որում, իրավական համակարգերը մեկը մյուսից փոխառում են որոշակի կարգավորումներ): Ինստիտուտը, տարբեր շրջանակներով կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում Բուլղարիայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Թայլանդում, Վրաստանում, Ուկրաինայում  և այլ երկրներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ