03 07 2019

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը

Սահմանադրական դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

«Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդեւանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետեւյալ պատճառաբանությամբ.

1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով,

2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող եւ իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության եւ քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետեւանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ եւ դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետեւանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որեւէ անդառնալի կամ ծանր հետեւանք նույնպես չի կարող առաջանալ»,- նշվում է ՍԴ որոշման մեջ։

 Tert.am-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանը նշել է, որ միջնորդություն չբավարարելը ընթացակարգային որոշում է, բնականոն գործընթաց։

Հարցին՝ ի՞նչ հիմքով են մերժել, նա պատասխանել է․ «Հիմնական առանցքը սա է՝ դեռևս անհրաժեշտություն կա Վճռաբեկ դատարան դիմելու, որովհետև նաև խնդիրն ինչ-որ չափով կախված է կալանավորման որոշման հետ: Այսինքն՝ եռաստիճան դատական համակարգով կարող է նաև այդ հարցը դեռ գնահատման արժանանալ: Սահմանադրական դատարանն, ըստ էության, կալանավորման լույսի ներքո է խնդիրը դիտարկել և որոշել է, որ դեռևս կարելի է վճռաբեկ դատարան դիմել, որը դեռևս չի իրացվել»:

Իսկ թե իրենց հետագա քայլերը որոնք են լինելու, Վարդևանյանն ասել է, որ առանձնապես իրենց քայլերի հետ կապված որևէ բան չի էլ փոխում, որ դա ընթացակարգային որոշում է, և դեռևս գործի քննության փուլ ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ