28 06 2019

Վահե Գրիգորյանի հայտարարությունը կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա

Վահե Գրիգորյանի հայտարարությունը կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.

  1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
  2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
  3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
  4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
  5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

ք. Երևան 28.06.2019թ.

Հայատարարությունը ստորագրել են՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը», - ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ