20 06 2019

«Հայկական ժամ»-ի՝ պաշտոնյայից գումար շորթած լրագրողը ձերբակալվել է



Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի: Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ:

Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000  ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

 Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: 

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ