19 06 2019

Լրագրողը պաշտոնյային սպառնացել է և գումար շորթել․ ոստիկանություն



Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։

Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ