Մայիսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:
Վալերի Օսիպյանը խոսեց հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշեց, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաեւ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարեց եւս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:
Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես եւ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Օսիպյանը նշեց նաեւ, որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որեւէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը