27 05 2019

Վեթինգի մարտարվեստի կիրառման միակ արդյունավետ տարբերակը

Վեթինգի մարտարվեստի կիրառման միակ արդյունավետ տարբերակը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Չգիտեմ՝ այն տարօրինակ (խիստ սուբյեկտիվ գնահատական) փորձագետն ինչքան փող աշխատեց՝ հայ ազգին վեթինգի մարտարվեստը ներկայացնելով։ Բայց ես բոլորովին անվճար կպատմեմ այդ մարտարվեստի կիրառման միակ արդյունավետ տարբերակը։

Ուրեմն այսպես. նստում են սեղանի շուրջ երկրի բոլոր ղեկավարները, վարչապետը (պարտադիր ջղային դեմքով), անպայման ներկա են հատուկ ծառայությունների ղեկավարները, ուժայինները, գլխավոր դատախազն ու գլխավոր շտաբի պետը։

Առանձին-առանձին սենյակ են հրավիրում դատավորներին։ Ներս մտնելուց հետո, սենյակի դուռը ներսի կողմից փակում են լյումպեն-պրոլետարիատի մի քանի ներկայացուցիչ (առավել հաջողված կլինի միջոցառումը, եթե վերջիններս լինեն ալկոհոլի ազդեցության տակ)։

Դատավորին հրավիրում են սեղանի մոտ, քար լռություն է, բոլոր ներկաները սևեռուն հայացքով նայում են հրավիրվածի աչքերի մեջ։ Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»։

«Զանգեր-մանգեր էլ չեն եղել, ընԳեր ջան», ավելացնում է ներկաներից մեկը։ Ու կրկին լռություն, լսվում է միայն լյումպենի ներկայացուցչի թզբեհի պտույտների ահագնացող ձայնը։

Այսքանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է ընթանում ու պարզ` «ոչ սրտով» որոշում կայացնելուն ունակները վերադառնում են իրենց գործին։ Իսկ մյուսներին նվիրում են մի-մի հատ թզբեհ, մեկ բաժակ չիշիկ ու «ազատ են արձակվում» դատավորի աշխատանքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ