ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին: Ապրիլի 5-ի նիստում պաշտպանական թիմը բողոքները ներկայացրել է դատարանին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն անդրադարձավ պաշտպանական թիմի հիմնավորումներին և պատասխանեց լրագրողների հարցերին: Նա, մասնավորապես ասաց. «Բողոքի ներկայացումներն են ավարտվել, քննարկումը դեռ պետք է շարունակվի: Պարոն Ռոբերտ Քոչարյանը ներկա էր, չի հասցրել խոսել, իր դիրքորոշումը որոշ հարցերով ներկայացրեց, բայց հիմնական ելույթը հավանաբար կլինի ապրիլի 9-ին:
Առաջին ատյանում բարձրաձայնել ենք մի շարք հարցեր, որոնք դատարանը ընդհանրապես չի անդրադարձել, և մեզ հնարավորություն չի տալիս պատշաճ պաշտպանվել:
Անկյունաքարային հարց է, որպեսզի մեղադրյալը իմանա ինչի համար են իրեն մեղադրում, սա ամենասկզբից մեզ համար պարզ չէ: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ միշտ, երբ որ գործը թույլ է, արգումենտներ չունի, փորձում են խառը ինչ-որ բաներ լցնեն իրար վրա: Չի կարող գոյություն ունենալ այնպիսի նյութ, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին տապալել է սահմանադրական կարգը, որովհետև 2008-ին սահմանադրական կարգը չի տապալվել:
Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից, ապա այդպես խախտվում է անձեռնմխելիության ինստիտուը:
Մեկ այլ հարց, որը բարձրաձայնել ենք, 300.1 հոդվածի կիրառելիությունն է: Պատկերացնենք 2008 թվականաի մարտին հարուցված գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ռոբերտ Քոչարյանը, կար 7-ի գործ, կար նաև Ռոբերտ Քոչարյանի գործ: 2009 թվականին օրենքը փոխվում է․ ձեր կարծիքով եթե 7-ի գործը կարճվում է, ապա Ռոբերտ Քոչարյանի գործը չի՞ կարճվելու: Իհարկե՝ կարճվելու է:
Ցուցմունքներին չեմ կարող անդրադառնալ, նախաքննական գաղտնիքի բացահայտման ռիսկ կա, որովհետև մեկ էլ տեսաք ՀՔԾ-ի մտքով անցնի խուզարկություն անել մեր գրասենյակում»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը