02 04 2019

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացվել է որպես ապացո՞ւյց. Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացվել է որպես ապացո՞ւյց. Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ

Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին  տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին նշել է Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

Նրա տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ներկայացված ապացույցները, թե որ փաստական հանգամանքների ապացուցմանն են ուղղված՝ այս առնչությամբ պատասխանող կողմը հրաժարվել է պարզաբանել, իսկ դատարանը նիստը հետաձգել է, որպեսզի հայցվոր կողմը ծանոթանա վերոնշյալ ապացույցների հետ:

Անհրաժեշտ է նշել, որ դատարանը կրկին հայցվորի ներկայացուցչին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս համաձայն է պատասխանողի համաձայնությամբ փոխելու ոչ պատշաճ հայցվոր՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, թե ոչ: Սակայն, հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ սույն գործով պատասխանող է, ոչ թե Արթուր Վանեցյանը ի պաշտոնե, այլ որպես ֆիզիկական անձ»:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պատասխանողը որպես վկա ցուցմունք տա սույն դատական գործի շրջանակներում՝ պարզելու համար արդյո՞ք Արթուր Վանեցյանն ասուլիսին հանդես էր եկել որպես ֆիզիկական անձ, թե ի պաշտոնե, սակայն դատանը մերժել է այս միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ