Երևան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը մտահոգիչ է: Այս մասին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին հրավիրված Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների եւ նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությանն ասել է վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանը։
Մասնավորապես՝ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 125 դեպք, նախորդի 65-ի դիմաց, այսինքն` 60 դեպքով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 4,2 %՝ նախորդ տարվա 10,8 %-ի դիմաց: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 53 դեպք, նախորդ տարվա 21-ի դիմաց, այսինքն` 32 դեպքով ավելի: Նշված բնույթի հանցագործություններով գրանցված դեպքերի աճի պայմաններում բացահայտման ցուցանիշը կազմել է 18,6 %՝ նախորդի 19 %-ի դիմաց:
Համեմատական ուսումնասիրության արդյունքում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում կատարվել է քարտեզագրում եւ առանձնացվել են երկու վարչական շրջաններում բնակարանային գողություններով աչքի ընկնող առավել ռիսկային գոտիները։ Բացի այդ՝ առանձնացվել եւ գույքագրվել է վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում դռների, տեսանկարահանող սարքերի առկայութան կամ բացակայության, դրանց վրա կոդավորված կամ որեւէ այլ տեսակի փականների առկայության, բնակարանների պատուհաններին ճաղավանդակների առկայության կամ բացակայության, բազմաբնակարան շենքերի հարակից փողոցային եւ բակային հատվածների լուսավորության վերաբերյալ տեղեկատվությունը։
Խորհրդակցության ընթացքում մասնակիցներին կոնկրետ օրինակներով ներկայացվել է, որ թիրախավորված բնակարանների մի մասը գտնվել են բազմաբնակարան շենքերի 1-ին եւ 2-րդ հարկերում, որոնք ապահովված չեն եղել ճաղավանդակներով։ Որոշ դեպքերում բազմաբնակարան շենքերի մուտքի դռները բացակայել են կամ եղել են հնամաշ, դրանով իսկ՝ չծառայելով իրենց նպատակային նշանակությանը։ Բացի այդ՝ որոշ դեպքերում շենքերի մուտքի դռները չեն ունեցել ժամանակակից կոդավորվող փականներ, իսկ շքամուտքերում եւ շենքի հարակից փողոցային եւ բակային հատվածներում բացակայել է անհրաժեշտ լուսավորությունը, իսկ դեպքերի գերակշիռ մասում տեսանկարահանող սարքեր ընդհանրապես չեն եղել:
Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազի կողմից ոստիկանության բաժինների պետերին հստակ հանձնարարական է տրվել ավելացնել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների ծառայողական երթուղիները, այդ թվում՝ նաեւ գիշերային ժամերին՝ ուշադրությունը հատկապես կենտրոնացնելով առանձնացված ռիսկային հատվածների վրա։ Բացի այդ՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է նաեւ բնակարանային գողությունների կատարման համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված եւ պատժից ազատված, նմանատիպ հակումներ ունեցող անձանց հաշվառման, նրանց նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ նրանց հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ոչ բավարար մակարդակի վրա՝ հստակ շեշտադրելով դրանց առավել ակտիվացման եւ հստակ թիրախավորման անհրաժեշտությունը:
Վարչական շրջանների դատախազը նախաքննական մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է բնակարանային գողությունների գործերով նախաքննության որակի էական բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես՝ առաջարկվել է հետայսու նմանատիպ հանցագործությունների գործերով նախաքննությունը հանձնարարել քննչական բաժիններում աշխատող առավել փորձառու քննիչներին։ Կարեւորվել է նաեւ նախաքննության ընթացքում առանձին քննչական գործողությունների, մասնավորապես դեպքի վայրի զննությունների կատարման լիարժեքության եւ արդյունավետության ապահովումը՝ հատկապես հանցագործների հեռանալու հնարավոր բոլոր երթուղիները ֆիքսելու, նրանց օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը պարզելու նպատակով։
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այս ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել համատիրությունների հետ միասին աշխատանքներ տանել բազմաբնակարան շենքերի մուտքի դռներին կոդավորված փականներ տեղադրելու, փողոցների լուսավորությունն ապահովելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը