06 03 2019

Կոռուպցիոն դեպքերով քրգործերն ավելացել են 3․6 անգամ․ Դատախազություն

Կոռուպցիոն դեպքերով քրգործերն ավելացել են 3․6 անգամ․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ:

Կատարված ամփոփմամբ արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր:

Հարկ է նկատել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):

Այս ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խորը արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:    

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուր 2072 քրեական գործից ավարտվել է 749 գործի վարույթ: 151 (2017թ․-148) քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից:

Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։

 

Չնայած այս հանգամանքին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք կիրառվել է 2017թ. համեմատ 33.3 տոկոսով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է  112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: Իսկ 33 անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32 տոկոսով: Նման միտումներն առաջին հերթին պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ:

Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է. 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք:

Նախորդ տարվա ըթնացքում դատի է տրվել 288 անձ, ինչը 12-ով կամ 4 տոկոսով քիչ է 2017թ. համեմատությամբ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ: Նման քաղաքականության իրականացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում նախորդող տարվա համեմատ կրկնակի (126-62) ավելացել  են ոչ արդարացման հիմքով քրեական գործերի վարույթը կարճելու մասկն կայացված որոշումները, եռակի անգամ (235-75)՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու և ոչ արդարացման այլ հիմքերով դադարեցնելու որոշումները:

2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629․549․320 ՀՀ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․445․834 ՀՀ դրամ) արդյունքը: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938.873.757 ՀՀ դրամը, որը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252․070․385 ՀՀ դրամ):  

2018թ. ընթացքում ախաքննական մարմինների կողմից հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով իրավասու մարմիններին ուղարկվել է թվով 75 միջնորդագիր:

Նկատի ունենալով կոռուպցիոն հանցագործությունների լատենտային (թաքնված) բնույթը՝ վերոնշյալ ցուցանիշները վկայում են ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման, բացահայտման, պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողությունների արդյունավետության մասին: Առավելևս, որ հայտնաբերված, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների ճնշող մեծամասնությունը վերաբերել է նախորդ տարիներին կատարված դեպքերին:

Այս համատեքստում 2018թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում, (որոշների դեպքերում  հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ) տարիներ շարունակ տևականորեն գործած սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման, տավարաբուծության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման, ավտոմեքենաների տեխզննման, «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ոլորտներին:

Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և 2019թ., ինչպես նաև հետագայում ուսումնասիրության թիրախ են դառնալու նաև հանրային կյանքի, պետական կառավարման այլ ոլորտներ:     

ՀՀ դատախազությունն առաջիկայում մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նաև հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոնկրետ կոռուպցիոն հանցատեսակներով 2018թ. քրեական շարժընթացի, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ