27 02 2019

Պարգևատրումների նոր ալիքը կամ ինչպես է մաքրագրվում հերթական ապօրինությունը

Պարգևատրումների նոր ալիքը կամ ինչպես է մաքրագրվում հերթական ապօրինությունը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել պարգևատրումների վերաբերյալ որոշման նախագիծ։

Ի թիվս ինքնագործունեության այլ դրսևորումների՝ Կառավարությունն այս անգամ որոշել է սահմանել պարգևատրումների երկու նոր տեսակ․

ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

Մի կողմ եմ թողնում այն, որ Կառավարությունը «հեծանիվ հորինելու» լիազորություն չունի, և ուզում եմ անդրադառնալ մի շարք վիճահարույց հարցադրումների․

1. Ըստ նախագծի՝ փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգեվատրման չափը կազմում է պաշտոնային դրույքաչափի 15%-ը։

Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նշանակվում է փորձաշրջան 6-12 ամիս ժամկետով։ Փորձաշրջանով նշանակված անձը փորձաշրջանն արդեն անցած կամ այլ աշխատակիցների համեմատությամբ որևէ այլ ծանրաբեռնվածություն կամ աշխատանքի ֆունկցիոնալ տարբերակում չունի, ինչն էլ տրամաբանորեն ենթադրում է, որ փորձաշրջանը ղեկավարելը կամ այլ կերպ կանոնակարգելը առնվազն պարգևատրում ստանալու համար հիմնվող արհեստական գործառույթ է։

Դիցուք պատկերացնենք, որ, օրինակ, նախարարության վարչության պետը, ով ստանում է 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ, 12 ամիս շարունակ «պետք է համակարգի» փորձաշրջան անցնող աշխատակցի գործունեությունը և դրա արդյունքում պետք է ստանա հավելյալ 540.000 ՀՀ դրամ․․․ոչինչ չանելու համար 540.000 ՀՀ դրամ։

2. Ինչ վերաբերում է փորձնակներին (практикант), ապա պետք է նշեմ, որ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն մեխանիզմների հետագա զարգացման համար լուրջ հիմք, այն տրամաբանությամբ, որ այս կամ այն պաշտոնատար անձն ազատորեն կարող է ներգրավել մեծաթիվ փորձնակների՝ պարգևավճար ստանալու համար։ Գուշակեք, թե ովքեր են համակարգելու այդ պրակտիկանտներին, որոնք հիմնականում գոյություն են ունենալու թղթի վրա։

3. Հիմա անդրադառնամ բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու ժամանակահատվածի համար պարգևավճարին։

Քաջածանոթ լինելով պետական համակարգում փոխարինման ինստիտուտի իրականացման մեխանիզմներին՝ ինչպես նաև դրանց իրավական կարգավորումներին, ուզում եմ նշել, որ փոխարինումն առավելապես ենթադրում է արարողակարգային որոշակի բնույթի գործողությունների կատարում, բայց ոչ երբեք լուրջ ծանրաբեռնվածություն, ինչն էլ պարգևատրման այս տեսակը դարձնում է ոչ նպատակային կամ չարդարացված։

Կասկածից վեր է, որ այս նախագիծը նոր իշխանության պարգևատրումների տխրահռչակ պրակտիկան լեգիտիմացնելու և հպարտ քաղաքացիների աչքերին թոզ փչելու միտում ունեցող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։

Հ․Գ․ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերում պարգևատրումների չափերը որոշվելու են վերջիններիս ղեկավարների կողմից և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հատկապես վարչապետի աշխատակազմում կադրերն ընտրվում են բացառապես պրոֆեսիոնալիզմի և տքնաջանության սկզբունքով, կարելի է ենթադրել թե պարգևավճարների ինչ չափեր կարող են սահմանվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ