31 01 2019

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը․ «Առավոտ»

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը․ «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

Aravot.am-ը փորձել է  Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ այդ գործով շուրջ 20 խուզարկություն է իրականացվել`չհստակեցնելով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ  խոստացել է ավելի ուշ հարցին պատասխանել:

Ըստ մամուլի տեղեկությունների Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանել էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, վիճաբանություն էր սկսվել։ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Հարությունյանի հարաբերությունները սրվելուց հետո վուլկանիզացման կետը խլվել էր: Այն աշխատեցնում էր Բարեց Վահան անունով անձը։ Միջադեպի օրը Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը, որը այժմ ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տանում է այդ վուլկանիզացիան։ Ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվում։ Լեզվակռվի մասնակիցները կատարվածը փոխանցում են Նվեր Ծառուկյանին:

Վերջինս, ի դեպ, այդ ժամանակ մոտակայքի գինետանն է եղել: Վերջինս էլ պնդում է, որ գնան եւ հարաբերություններ պարզեն: Վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ հնչել են կրակոցները։ Նվեր Ծառուկյանը բացատրություն է տվել, սակայն նրան չեն ձերբակալել։ Այս գործով արդեն 6 անձ է ձերբակալվել: Քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ