31 01 2019

Կայանման լրացուցիչ գումար գանձողները կպատժվեն



Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն:

Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը նշել է.  «Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ իրականացնում է մի շարք միջոցառումներ»։ Նա նաեւ շեշտել է, որ  քաղաքացիները տեղեկացվել և զգուշացվել էին՝ դադարեցնելու  անօրինական գործունեությունը:

Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով: Ընդ որում, եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ