ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ թողեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Վերաքննիչը մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքները, այդ թվում՝ իմ կողմից ներկայացրած բողոքը։ Ես երբևէ սովորություն չեմ ունեցել իմ կողմից գնահատականներ տալ դատարանի որոշումներին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանը։
Հարցին՝ մարտի 1-ին ՀՀ բանակը ներգրվվա՞ծ է եղել ներքաղաքական գործընթացների մեջ, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ սա պատկան մարմինների գործառույթն է և այն տեղեկությունները, որոնք ունի, իրավունք չունի հրապարակելու, քանի որ ներգրավված է մարտի 1-ի դատական գործին։
«Ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, մեկ է՝ չեմ պատասխանելու, քանի որ շատ պարտաճանաչ քաղաքացի եմ և պահպանում եմ գաղտնիքը։ Այս պահին դեռ չգիտեմ, թե որոնք են լինելու իմ քննչական խմբի հետագա գործողությունները»,- ասաց Ա. Գևորգյանը։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 14-ին մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 4 մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
Արմեն Գևորգյանը մեղադրանքները չի ընդունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը