28 01 2019

Դատավորը միայն «հեռախոսային անկախություն» չպետք է ունենա. Գագիկ Հարությունյան

Դատավորը միայն «հեռախոսային անկախություն» չպետք է ունենա. Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը, և մենք որևէ դատական գործով, որևէ  առումով կոմունիկացիայի մեջ չենք մտնում դատավորների հետ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դատավորներին հնարավոր հրահանգներ իջեցնելուն:«Վստահ եմ, որ նման վերաբերմունքը նաև քաղաքական իշխանությունների կողմից է։ Բայց դատավորները նույնպես մարդիկ են, և, հնարավոր է, սոցիալական որոշակի ազդեցությունների դաշտում են գտնվում»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Նրա խոսքով` Բարձրագույն դատական խորհուրդը միայն դատավորի դիմումի առկայության պարագայում կարող է որոշակի քայլեր անել: «Փորձեցինք զրուցել դատավորի հետ և դատավորը նաև գրավոր հայտարարություն արեց, որ ինքը որևէ կոմունիկացիայի մեջ չի մտել: Ես հետաքննությանը չեմ մասնակցում, բայց ցանկացած երևույթ, որը հանրային որոշակի կարծիք ստեղծում է, բնականաբար, անթույլատրելի է և մտահոգիչ»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ դատավորը միայն «հեռախոսային անկախություն» չպետք է ունենա, և նրա անկախության համար պետք է լինեն բոլոր նախադրյալները։ 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությանը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Հարցրեցին, թե դատավորն արդյոք որևէ հրահանգի կենթարկվի՞ թե՞ ոչ, ես ասացի՝ փորձեք զանգահարել բոլոր դատավորներին: Ազարյանը պարզապես հայտարարեց, որ ես այն դատավորն եմ, որ ոչ մի հրահանգի չեմ ենթարկվի»:

Խոսելով անցումային արդարադատության մասին՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ԲԴԽ-ն մասնակցություն չունի:

«Ռազմավարական ուղղություններն ենք մշակում: Թե որքա՞ն կհամընկնի, դժվարանում եմ ասել: Ես հիմա չգտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, ինչ է: Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա 1000 տարբեր դրսևորումներ, բայց թե մեզ մոտ ինչ է նախատեսվում, այդ ինչ խմբեր են աշխատում, ես տեղեկություն չունեմ»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ