ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը...» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:
Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:
Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն:
Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում. ինչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչու չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:
Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը