ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ստացված հաղորդումներից 18-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 75-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ կեղծ դրոշմանշաններ հանձնելուն կամ իրացնելունուն: Թվով 32 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով: Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 54-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ.( Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մաս): Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից երկուսով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, և նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործերից մյուսն էլ հարուցվել էր Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ. ( Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մաս): ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը