ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին իրավապահ մարմինների ստացած 252 դեպքի մասին ահազանգ:
Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Նշված բոլոր դեպքերը դատախազության մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:
Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:
108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին,
3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,
2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,
3-ը՝ ընտրակաշառք տալուն,
3-ը՝ այլ:
Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը.
ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք,
Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք,
Սյունիքի մարզ՝ 8 դեպք,
Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք,
Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք,
Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք,
Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք,
Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք,
Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք,
Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք,
Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործի(երի) նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:
Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն առաջիկայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը