09 12 2018

Քննչական կոմիտեն ընտրախախտման 12 հաղորդում է ստացել

Քննչական կոմիտեն ընտրախախտման 12 հաղորդում է ստացել

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 12 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվեարկություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ