Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հեյտևյալ հայտարարությամբ․
«Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով:
Օգտվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից` Սամվել Մայրապետյանի պաշտպանները առաջարկել են փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել մեծ հարգանք վայելող և բարձր մասնագիտական ունակություններ ունեցող նեղ 3 մասնագետի և լրացուցիչ հարցեր առաջադրել փորձաքննության հանձնաժողովին: Այդ հարցերը մասնավորապես վերաբերել են այն բանին, թե հնարավոր է արդյոք անազատության պայմաններում Սամվել Մայրապետյանի հիվանդությունը սրվի, հիվանդության սրման դեպքում կլինի՞ այն վտանգավոր կյանքի համար և վերջապես սրման դեպքում հնարավոր է արդյոք բուժումը կազմակերպել ՀՀ-ում:
Անտեսելով Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու ակնհայտ իրավունքը՝ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է դրա իրացմանը: Մասնավորապես ՀՔԾ քննիչը մերժել է փորձաքննության հանձնաժողովին առաջադրված հարցերը և հետաձգել է հանձնաժողովի կազմում առաջարկված մասնագետների ընդգրկումը, բոլորովին անհասկանալի ձևակերպմամբ՝ մինչև այդ կապակցությամբ էական հանգամանքների պարզումը:
Բոլոր հետևությունները թողնելով հանրությանը՝ կցանկանանք հիշեցնել միայն, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ մեղադրյալի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը