06 11 2018

Պետությանը պատճառվել է շուրջ 50 մլն դրամի վնաս․ Դատախազություն

Պետությանը պատճառվել է շուրջ 50 մլն դրամի վնաս․ Դատախազություն

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող պատճառները և պայմանները, զորամասերի տրանսպորտային միջոցների, տեխնիկական և այլ սարքավորումների շահագործման օրինականությունը, պետությանը պատճառված և չվերականգնված վնասների առկայությունը, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման հանգամանքները։

2018թ. առաջին կիսամյակում ընտրանքային կարգով կատարված 11 ուսումնասիրություններից 10-ով արձանագրվել է խախտումներ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրությունների արդյունքներով 7 խախտման դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվել, որ արձանագրված խախտումները, չարաշահումները և թերացումները վերաբերում են ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր օղակներին՝ նյութական միջոցների ընդունում, պահպանում, բաշխում, օգտագործում և այլն։

Մասնավորապես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված բնույթ են կրել կամ վերանորոգման մի ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառված լինելով մեկ այլ աշխատանքի մեջ:

Թվով 5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձևակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանց հետևանքով պետությանը յուրաքանչյուր դեպքով պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կատարված ուսումնասիրություններից միայն մեկի արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական չափը կազմում է շուրջ 23մլն դրամ: Այս դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի տարբերի մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, իրականացվում է նախաքննություն: 

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում, մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս ներկայացնելով, իրականացվել է կարմիր ավազի տեղափոխում, որի մեծ մասի՝ 14.646.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ծավալի ավազի գտնվելու վայրի և օգտագործման նպատակի մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել նաև իրականում ավելի քիչ ծավալով կարմիր ավազ տեղափոխվելու և 2.582.300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դիզվառելիքը հավելագրելու մասին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի  կողմից կատարված ուսումնասիրությամբ նաև տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագրերի գնման առարկաների գները ուռճացված են։ Եզակի չեն եղել դեպքերը, երբ միևնույն ապրանքատեսակները մատակարար կազմակերպության կողմից այլ կազմակերպությունների վաճառվել են ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային գներից էականորեն ցածր գներով: Այս ուսումնասիրության արդյունքները ևս ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ ՀՀ զինվորական դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին։ Բացի այդ, ԶՈՒ ինժեներական զորքերում և զորամասերի համապատասխան ծառայություններում, մյուս ոլորտներում պետական շահերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով կայազորների զինվորական դատախազություններին տրվել են մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես խնդիր է դրվել ուսումնասիրությունների ընթացքում սերտորեն համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների և այլ օպերատիվ մարմինների հետ, օգտագործել պետության գույքային և ոչ գույքային շահերի խախտումների վերաբերյալ այդ մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները, դրանց հիման վրա ծրագրել հետագա գործողությունները: Բացի այդ, հանձնարարվել է նաև ուսումնասիրությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հետևողական լինել պետության գույքային շահերին վնաս պատճառած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դատախազական ներգործության բոլոր միջոցների գործադրմամբ պետությանը պատճառված վնասների լիարժեք վերականգնումն ապահովելու հարցում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ