NEWS.am-գրել է. Yerevan.today կայքի ներկայացուցիչներն այսօր բողոքարկել են կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այս մասին սեպտեմբրի 25–ին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց կայքի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ խուզարկությունից հետո, որպես վկա հարցաքննել են կայքի սեփականատիրոջը, իսկ կայքի գլխավոր խմբագիրը կհարցաքննվի առաջիկայում։
Փաստաբանի խոսքով՝ խուզարկությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով և այն հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը։
Նա նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2015 թ. դեկետմբերի 18–ին դիրքորոշում է հայտնել, որ միայն ոստիկանության օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի անձի բնակարանում (գրասենյակում) խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։
«Ստացված օպերատիվ տեղեկատվությունը պետք է ստուգվեր, համադրվեր գործում առկա այլ ապացույցների հետ, նոր միայն նման որոշում կայացվեր»,–ասաց նա։
Ֆերոյանը նշեց, որ խմբագրությունում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միակ հիմքը եղել է ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկատվությունը, թե իբր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը նախքան մյուս ԶԼՄ–ների կողմից հրապարակելը, երկու օր առաջ տեղադրել է Yerevan.today կայքը, ինչն, ըստ նրա՝ իրականությանը չի համապատասխանում։
«Նախաքննական մարմնի այն վարկածը, որ առաջինը ձայնագրությունը հրապարակել է Yerevan.Today կայքը, իրականությանը չի համապատասպխանում, խնդիրը Google որոնողական համակարգի մեջ է և այս հարցը բազմիցս քննարկվել է»,– ասաց նա ՝ հավելելով, որ եթե նախաքննական մարմինը խուզարկություն կատարելիս հիմք է ընդունել այդ հանգամանքը, ապա հնարավոր առանց խուզարկության էլ իրականությունը պարզել։
Փաստաբանը միաժամանակ նկատեց, որ առաջին ատյանի դատարանը խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելիս՝ պետք է արձանագրեր, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկության ընթացքում կոնկրետ ի՞նչ իրավունք ունի առգրավվելու և կոնկրետ ո՞ր ժամանակահատվածին վերաբերող։
«Ի վերջո խուզարկությունը կատարվել է լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունում, որտեղ կան լրատվական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ։ Դատարանի կողմից նման փաստարկներ չմատնանշելու հետևանքով՝ վարույթն իրականացնող մարմինը խմբագրությունից առգրավել է տարիների ընթացքում կուտակած տեղեկատվությունը, ինչը լրատվական գործունեություն իրականացնողի համար շատ կարևոր է»,–ասաց նա՝ նշելով, որ խմբագրությունից առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք որևէ առնչություն չունեն քննվող քրեական գործի հետ։
Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավվել է մեկ համակարգիչ և ևս 3 համակարգչի հիշողության կրիչ։
Արմեն Ֆերոյանի խոսքով՝ այս առարկաների առգրավման արդյունքում ընկերությունը տևական ժամանակ զրկված է եղել լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել 6 տարբեր հասցեներում՝ այդ թվում «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։ Առգրավված առարկաները ներկայացվել են դատահամակարգչատեխնիկական փորձաքննության:
2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում էր ստացել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը