29 08 2018

Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտը բնորոշ չէ խորհրդարանական կառավարման ձևին․ Գևորգ Դանիելյան

Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտը բնորոշ չէ խորհրդարանական կառավարման ձևին․ Գևորգ Դանիելյան

Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, նոր մոտեցումները ինչ-որ առումով հասու են ոչ բոլորին կամ ոչ միանշանակ են ընկալվում շատերի կողմից: Այս մտահոգությունից ելնելով է, որ «Կարծիքներ, տեսակետներ» խորագրի ներքո արտահայտվելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, անվանի մտավորականներին, այլև տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, ովքեր ազատորեն կարող են արտահայտել իրենց հայացքներն ու մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկները: Yerkir.am-ի առաջին զրուցակիցը Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն է:

 - Պարոն Դանիելյան, իբրև մասնագետ, խնդրում եմ, ներկայացրեք Ձեր գնահատականը Հայաստանում առաջիկայում հնարավոր սահմանադրական փոփոխությունների անցկացման և անցումային արդարադատության մարմինների ստեղծման գաղափարի վերաբերյալ:

 -   Խնդիրն առանձնանում է ոչ միայն զուտ օրենսդրական տեխնիկայի, այլև այդպիսի նախաձեռնության հիմնավորվածության ասպեկտներով: Օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը ամրագրել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ ինչպես հանրաքվեի միջոցով, այնպես էլ որոշ հոդվածների առնչությամբ՝ Ազգային ժողովի կողմից: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հիմնավորվածությանը, ապա այն թելադրված է բազում իրավաքաղաքական գործոններով, ընդ որում, առանցքային նշանակություն է տրվում ոչ միայն անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական, այլև համապատասխան իրավաքաղաքական   նախադրյալների առկայությանը:

Եթե խոսքը վերաբերում է Ազգային ժողովի արձակման նոր հիմք նախատեսելուն, կամ, այսպես կոչված՝ ինքնարձակմանը, ապա նպատակահարմար եմ համարում ընդգծել հետևյալը: Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ից մասից բխում է, որ խորհրդարանը մեծագույն ցանկության դեպքում անգամ, ըստ էության, օժտված չէ փոփոխություններ կատարելու իրավասությամբ այն հոդվածներում, որոնք վերաբերում են ինչպես իր, այնպես էլ իշխանության մյուս ճյուղերի առանցքային սահմանադրական մարմինների, առավել ևս դատարանների՝ կարգավիճակին, լիազորությունների դադարմանը կամ դադարեցմանը: Այս դիրքորոշման բացատրությունը պետք է փնտրել իշխանության ճյուղերի բաժանման և հավասարակշռման սկզբունքի, ինչպես նաև կառավարման խորհրդարանական ձևի  համատեքստում:

Ինչ վերաբերում է արդարադատություն իրականացնելու կամ այդպիսի իրավազորությամբ օժտված դատական ատյանների գործունեությունը որևէ կերպ ուղղորդելու կարգավիճակով օժտված նոր սահմանադրական մարմիններ ձևավորելու հարցին, ապա իրավասու պաշտոնյաներն արդեն իսկ հստակ ու ողջամիտ պարզաբանումներ են տվել, որ անցումային արդարադատության այդպիսի դրսևորումների կողմնակից չեն:

Այս փուլում առաջնայինը դատարանների նկատմամբ վստահության վերականգնումն է, ինչին կարելի է հասնել որոշակի ժամանակահատվածի համար մշտական հիմունքներով գործող միջազգային փորձագիտական կառույց ձևավորելու, ինչպես նաև արդիական խրթին հարցադրումներով՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիային կից 16-րդ արձանագրության հենքով խորհրդատվություն ստանալու համար ՄԻԵԴ դիմելու պրակտիկա կիրառելու միջոցով:

 -   Վերը նշված փոփոխությունները կարո՞ղ են լինել արդյունավետ ելք երկրում իշխանությունների կողմից առաջնային պլան մղված խնդիրների լուծման համար: Դա չի՞ խաթարի գործող սահմանադրական կարգի տրամաբանությունը:

 -   Խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտը բնորոշ չէ խորհրդարանական կառավարման ձևին: Դուք բոլորդ էլ հիշում եք, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների փուլում և դրանից հետո ևս խորհրդարանական կառավարման ձևի սահմանադրական հիմնադրույթները քննադատության էին արժանանում հենց այն հիմքով, որ դրանք համահունչ չեն կառավարության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու խնդրին, իսկ ոմանք ընդհանրապես ժխտում էին այդպիսի վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը: Այս համատեքստում խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտ ներդնելը, կարծում եմ, էլ ավելի կսասանի խորհրդարանական վերահսկողության նկատմամբ վստահությունը:

 -     Հայաստանին չի՞ սպառնում այլակարծության ճնշման և մեկ քաղաքական ուժի շրջանակներում իշխանության կենտրոնացման վտանգ:

  -    Ինձ, որպես քաղաքական զսպվածությամբ առաջնորդվող պաշտոնյայի, այդպիսի հարցադրումներ ուղղելն առնվազն հիմնավորված չէ: Կոնկրետ մեր տեսադաշտում մենք պահում ենք այն ասպեկտը, որ բոլոր այդ գործընթացները խիստ համահունչ լինեն իրավական պետության սկզբունքներին, մասնավորապես որևէ կերպ չխաթարվի դատական իշխանության անկախությունը: Բնականաբար, մեր տեսադաշտում է նաև դատավորների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս կարգապահական խախտումներից զերծ մնալու խնդիրը: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք չափազանց բարդ, բայց հեռանկարային մթնոլորտում, իսկ բարդությունը հաճախ պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորն են համարժեք ընկալում ներկա իրավիճակը, ոչ բոլորն են, կարծիք ու վերլուծություններ հրապարակելիս, պահպանում անձնական նկատառումներից վեր կանգնելու մշակույթը: Այո′, ներկայումս միանշանակ ձևավորվել է խիստ հրատապ խնդիրներին արմատական լուծում տալու իրական հնարավորություն, սակայն չպետք է դա ընկալել որպես զուտ անձնական խնդիրներն ամեն գնով լուծելու, դատաքննության փուլում դատախազի կարգավիճակին բնորոշ մեղադրանքներ հնչեցնելու հարմար առիթ և փորձել թյուրիմացության մեջ գցել հանրությանն ու իշխանություններին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Yerkir.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ