Հուլիսի 21-ը կոռուպցիոն սխեմաներ բացահայտելու առումով բավականին հագեցած օր ստացվեց: Իրավապահ մարմինները պարզել են, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» շրջանակում «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել, Երևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք 1 առաջադրվել` պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն դրամի յուրացում կատարելու համար, իսկ Ստեփանավանում՝ սոցիալական աջակցության ոլորտում, հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը: Յուրացման դեպքերը և դրանց հայտնաբերման մանրամասները ներկայացնենք ստորև:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը« ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ «քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:
Իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ 5 միլիոն 400 հազար դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն: Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ 3 միլիոն 600 հազար դրամ:
Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում, «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, սակայն կապալառուն, օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից, կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,5 միլիարդ դրամ:
Այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը, որի արժեքը կազմել է 850 միլիոն դրամից ավելի:
Չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ:
Հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը։Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված առերևույթ հափշտակություններին առնչություն ունեցած անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները։2018 թվականի հուլիսի 19-ին ձերբակալվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության 4 աշխատակից, իսկ այսօր որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
2018 թվականի փետրվարի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված ծավալուն քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 46 միջնակարգ, այնուհետև ավագ դպրոցի նախկին տնօրենը 2010թ. հունվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ՝ ֆիզպատրաստականության ուսուցիչ, գիշերային պահակ, հնոցապան, ձևակերպել է իր 3 որդիներին: Եվ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում ֆիքսելով, թե իբր նրանք հաճախել են դպրոց և կատարել աշխատանքային պարտականությունները՝ ավելի քան 7 տարի որպես ամենամսյա աշխատավարձ նրանց անունով փոխանցված խոշոր չափերի՝ ընդհանուրը 7.651.346 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել ու յուրացրել է:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար հուլիսի 21-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա կողմից հատուցվել է պետության պատճառված վնասից 4.200.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու նաև մնացած մասը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը