Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։
Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ևս մի ապօրինություն։ Մասնավորապես, 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։
***
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:
2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս. Վ.-ն 2013թ. հունիս ամսին իր համագյուղացուն նշանակել է Մեծավան համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում։ Վերջինս, սակայն, համայնքապետի թույլտվությամբ 2013թ. հունիսից մինչև 2018թ. մայիսի 31-ը պատշաճ չի այցելել աշխատանքի և չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները: Չնայած դրան՝ այդ ողջ ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս կազմել է տնօրենի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ելքագրման փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա անվամբ անհիմն ելքագրվել է 5.220.802 ՀՀ դրամ:
Բացի դրանից, 2016թ. դեկտեմբերին Ս.Վ.-ն համայնքի մշակույթի տան տնօրենին հրամայել է որպես Մշակույթի տան դռնապահ աշխատանքի ընդունել մի անձի՝ պայմանով, որ վերջինս աշխատանքի չի գնալու, իսկ նրա փոխարեն աշխատավարձը ստանալու է իր հորեղբորորդին: Արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ կազմվել և աշխատավարձի ելքագրման է ուղարկվել աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում ելքագրվել է 1.236.874 ՀՀ դրամ: Այդ կերպ Ս.Վ.-ն վատնման եղանակով հափշտակել է համայնքի ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 6.457.676 ՀՀ դրամը:
Բացի այդ, համայնքապետը 2017թ. ընթացքում առանց համայնքի թվով 10 քաղաքացիների գիտության, ավագանու անդամներին հավասիտացրել է թե սոցօգնություն ստանալու վերաբերյալ նրանց կողմից ստացվել են դիմումներ: Ապա նրա նախաձեռնությամբ կազմվել են կեղծ տեղեկություններ ներառող ավագանու նիստերի մի քանի որոշումներ, որոնց հիման վրա համայնքի բյուջեից այդ անձանց անվամբ անհիմն ելքագրվել են գումարներ, որոնք, բնակիչների փոխարեն ստորագրելով համապատասխան ցուցակներում Ս.Վ.-ն ստացել է և ծախսել իր կարիքների համար։
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ս.Վ.-ն, առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների պահմպանման, համայնքապետը 2016-2017թթ. Լոռու մարզի Մեծավան համայնքի թվով մի քանի բնակիչների և այլ անձանց օգտագործման է տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող՝ ապամոնտաժված ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակները՝ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերի գույքը:
Նշված արարքները կատարելու համար հունիսի 23-ին Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 7.217.000 դրամի վնասը:
Հուլիսի 16-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատամբ հհսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը