Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, հուլիսի 11-ին կալանավորվեց: Նա մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Առաջադրված մեղադրանքում Հայկ Սարգսյան իրեն մեղավոր չի ճանաչում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է. «Կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն և ապօրինի որոշում է ու այստեղ ուղղակի աչք է ծակում այս հանգամանքը: Հույս ունեինք, որ այս իրավիճակում դատարանները և վարույթն իրականացնող մարմինները՝ քննչական, դատախազություն ի վերջո ավելի օրենքի տառին համապատասխան կգործեին, ինչպես որ պահանջն է երկրի ղեկավարության կողմից, բայց տեսնում ենք, որ արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից:
Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: 7 օր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պատշաճ միջոց է եղել, նորմալ վարքագիծ է ապահովել, հիմա 7 օր հետո հանկարծ դատարանը նման որոշում է կայացնում: Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, որ սա օրինական որոշում չէ, չի կայացել օրենքի հիման վրա՝ ինչ-ինչ այլ նկատառումներից ելնելով»:
Հարցին՝ ինչո՞ւ է տուժողը 11 տարի անց որոշել խոսելփաստաբանը պատասխանել է. «Պատասխանը ենթադրությունների մակարդակով է՝ այն իմաստով, որ առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող և կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավի հետևանքով մի քանի ժամ մեջքը բռնած նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետևանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչու է մեջքը բռնած նստած, որին ի պատասխան հնչեցվել է, որ երիկամները ցավում են, իսկ այդ վնասվածքները, կապտուկները մոծակի կծածն է: Այնուհետև փորձաքննություն է միջնորդվել, որպեսզի պարզվի, թե ինչի հետևանքով են առաջացել այդ վնասվածքները, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, կրկին ուղղակիորեն մերժվել է այդ միջնորդությունը: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել, հիմա հանկարծ ազատ արձակվեց»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը