05 02 2025

Մանրամասներ՝ համայնքապետի տան վրա հարձակումից

Մանրամասներ՝ համայնքապետի տան վրա հարձակումից

 

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել։ Այս մասին գրում է News.am-ը՝  հղում անելով իր ղբյուրներին։

Հիշեցնենք՝ Մերձավան համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ գիշերը հնչած կրակոցների արդյունքում կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Մհեր Ախտոյանի եղբայրը հայտնել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն: Կյանքից զրկված 30-ամյա Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել: Նա Մերձավանի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին էր:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

Մերձավանի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է գյուղի տարածքում մեքենան արագ վարելու նկատողությունից հետո: Նկատողություն արած անձը ավելի ուշ Մերձավանի վարչական ղեկավարի տանը մասնակցել է ծննդյան միջոցառման, որտեղ նշել են սպանված երիտասարդի ծննդյան օրը: Նկատողություն արած անձը ևս իրենց ընկերներից է եղել, եկել է մասնակցելու  միջոցառմանը: Այն անձը, որին նա նկատողություն է արել, ավելի ուշ՝ 1-2  ժամ անց խումբ է հավաքել, քարերով  փայտերով եկել են գյուղապետի տուն՝ իմանալով, որ իրեն նկատողություն արած անձն այդտեղ է:

Կանչել են դուրս, որից հետո մոտ 15-20 րոպե տեղի է ունեցել ձեռնամարտ, քարերով, փայտերով հարվածներ, որին էլ հաջորդել են կրակոցները:Գրիգոր Օհանյանը փորձել է հաշտեցնել, բաժանել, գնդակը դիպել է նաեւ իրեն և նա մահացել է արդեն դրսում: Եվս մեկ մարդ վիրավոր է, գտնվում է հիվանդանոցում:

Մհեր Ախտոյանը Մերձավանի համայնքապետի ԺՊ է նշանակվել այս տարվա հունվարի 20-ին։  Մինչ այդ մեկ ամիս անցկացրել էր կալանքի տակ, կալանքից ազատվել էր 2024թ․ նոյեբերին։ 

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ