ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Ծառայությունից մանրամասնում են, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա սննդի, էլեկտրատեխնիկայի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 225,869 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 185 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 233 պարագա, 9 wi-fi սարք, 33 կտրող-ծակող առարկա, 270,8 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը