Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է օրենսդրական առաջարկ լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:
Կառավարության ներկայացուցչի խոսքով ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք: Նշվել է, որ տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:
Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: Օրենսգրքում հաջորդ լրացմամբ կհստակեցվի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ ներառելով նաեւ պետության անվտանգության ապահովման բնագավառը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը