Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի:
Ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։
Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա կալանավորվել։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության․
«Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել էր նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել իրեն դիմած կառուցապատողներին գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք էր կաշառք ստացել։
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5,000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ»։
2023-ին նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը