Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է, որ այն դեպքերում, երբ իրավաբանական անձին է պատկանում տրանսպորտային միջոցը, և ՃԵԿ խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերով, պատասխանատվությունը կրում է իրավաբանական անձի ղեկավարը կամ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը:
Սույն հոդվածի ձևակերպումը երկու խնդիր է առաջացնում.
1) իրավաբանական անձի վրա դրվում է մեխանիկական պատասխանատվության հարց՝ առանց նշված վարչական իրավախախտման մեջ իրավաբանական անձի մեղքի հաստատման,
2) գործնականում նույնիսկ շահագործող անձի վերաբերյալ տվյալների ամրագրման դեպքում անգամ չի վերանում իրավաբանական անձին առանց մեղքի պատասխանատվության ենթարկելու հարցը։
Ընդ որում, ՃԵԿ որոշ խախտումների համար որպես պատասխանատվության միջոց օրենսդիրը նախատեսել է տուգանային միավորների նվազեցումը, իսկ քանի որ նշվածը կարող է կիրառվել միայն ֆիզիկական անձանց նկատմամբ, պատասխանատվության է ենթարկվում իրավաբանական անձի ղեկավարը՝ սահմանափակելով նրա որպես ֆիզիկական անձի իրավունքը։ Այն պարագայում, երբ որևէ զանցանք նշված անձը չի կատարել: Արդյունքում, ունենում ենք մի պատկեր, որտեղ իրավաբանական անձանց ղեկավարները շատ հաճախ զրկվում են իրենց՝ որպես ֆիզիկական անձանց, վարորդական իրավունքից զուտ միայն այն պատճառով, որ Ոստիկանությունը չունի մշակած հստակ կառուցակարգ և գործիքակազմ իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու։
Պրակտիկայում այն բոլոր դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը չի մարում իր կատարած իրավախախտման համար սահմանված վարչական տույժը, վերջիվերջո հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տվյալ վարչական տույժը հասցեագրում է իրավաբանական անձի ղեկավարին, այն պարագայում, երբ իրավաբանական անձը որևէ առնչություն չունի այդ իրավախախտման հետ։
Իրավաբանական անձի և հետևաբար նաև տվյալ իրավաբանական անձում ղեկավար պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձի մեղքի ընկալման այս մոտեցումը հակասում է անձնական պատասխանատվության և ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքներին, ինչ որ իմաստով վերածվում է օբյեկտիվ մեղսայնացման:
Նշված և այլ խնդիրները կարող են լուծվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման դեպքում, սակայն Հայաստանում դեռևս գործում է 1985 թվականին ընդունված օրենսգիրքը։
Մերի Սաֆարյան
«Ջեյ-Փի» (JP) փաստաբանական գրասենյակի փաստաբան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը