Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է «Մարդու իրավուքները Հայաստանում» վերանգրով զեկույցը: Հեղինակները նշում են, որ ողջ 2022 թվականը ուղեկցվեց իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներով, ոստիկանական բռնություններով, դատական համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները գործադիր իշխանությանը լիովին ենթարկելու գործողություններով։ Մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակում են մնալ անպատասխան, ամրապնդվում է անպատժելիության մթնոլորտը։ Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը Լեոյի փողոցում վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը տեղում մահացել էր։ Իրադարձությունը առաջացրել էր
հանրության ստվար հատվածի զայրույթը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շարասյունը կանգ չէր առել տուժածին օգնություն ցույց տալու համար
Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցավ վիճաբանություն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր և փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների մասնակցությամբ, որը ավարտվեց հրազենի կիրառմամբ և երեք երիտասարդների մահով: Հոկտեմբերի 18-ին իր տան մոտ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ընդդիմադիր Էդգար Ղազարյանը, որը Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր էր կազմակերպել։ Նշված դեպքերից որևէ մեկի պարագայում մեղավորները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։
Ընտրական իրավունք
2022 թ․ ընտրական իրավունքի համատեքստում էական իրադարձություններից էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրությունը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվեց Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ ՀՀ ԿԸՀ նախագահ ընտրվելուց 4 օր առաջ Վ․ Հովակիմյանը դադարեցրել էր իր անդամակցությունը կուսակցությանը։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին իշխող խմբակցության 65 պատգամավորներ՝ ներառյալ Վ․ Հովակիմյանը։ Հաշվի առնելով, որ ընտրության համար անհրաժեշտ ձայների քանակը 65-ն էր, ստացվում է, որ Վ․ Հովակիմյանը ձայնը եղել էր վճռորոշ։ Վ․ Հովակիմյանի՝ իր իսկ օգտին քվեարկելու հանգամանքը քննադատվել էր մի շարք հասարական կազմակերպությունների կողմից՝ որպես շահերի բախման դրսևորում։
Այնուհետև ներկայացված են ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրավախախտումներն ու վարչական լծակների կիրառումը:
Առանձին տեղ է հատկացված նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովը, որի ընթացքում կատարվեց կուսակցության վարչության անդամների ընտրություն։ Կուսակցության 1024 պատվիրակների կողմից փակ քվեարկության արդյունքում վարչության անդամներ ընտրվեցին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության կողմից պատգամավորական մանդատ կրող և պետական պաշտոններ զբաղեցնող այլ անդամներ։ Քվեարկության վերահաշվարկից հետո պարզվեց, որ Համբարձում Մաթևոսյանի և Հայկ Կոնջորյանի ձայները սխալ էին հաշվարկվել և նրանց փոխարեն վարչության կազմում պետք է ընդգրկվեն Արսեն Թորոսյանը և Արմեն Փամբուխչյանը։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ տեղի էր ունեցել «անճշտություն», քանի որ քվեների քանակը շատ մոտ են եղել միմյանց, մինչդեռ մամուլում տարածվել են տեղեկություններ, որ վարչության անդամների ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել համակարգված կեղծիքներ:
Դատական համակարգ
2022 թ․-ի փետրվարի 7-ին կալանավորվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։ Բ․ Բախշիյանը մեղադրվում էր նրանում, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկի՝ Նվեր Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր կալանքը։ Ըստ վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ Բ․ Բախշիյանի նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր նրա կողմից Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումների հետ։ Նշված անձինք հայտնի էին ընդդիմադիր կեցվածքով և 2020 թ․-ի դեկտեմբերին Սյունիքի մի շարք այլ համայնքների ղեկավարների հետ պահանջում էին Ն․ Փաշինյանի հրաժարականը։ 2022 թ․ սեպտեմբերի 28-ին դատարանի վճռով Բ․ Բախշիյանը արդարացվեց։
2022 թ․-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հետապնդումները նոր զարգացումներ ստացան։ Հունիսի 20-ին՝ ասուլիսի ընթացքում Ռ․ Վարդազարյանը հրապարակեց ձայնագրություն, որում տվյալ պահին ԲԴԽ նախագահի լիազորությունները իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը վերջինիս համոզում է հրաժարական տալ։
Հունիսի 30-ին ԲԴԽ-ն մերժեց Գ․ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը, պատճառաբանելով, որ լրացել է կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված մեկ տարի վաղեմության ժամկետը։ Մինչդեռ ձայնագրությունից ակնհայտ է, որ արձանագրված խախտումները միայն կարգապահական բնույթի չեն և տեղի է ունեցել ակնհայտ և ապօրինի միջամտություն դատական իշխանության նկատմամբ՝ առանցքային պաշտոն զբաղեցնող և գործող իշխանությանը ոչ ցանկալի դատավորին հեռացնելու նպատակով։
Հուլիսի 1-ին Գ․ Ջհանգիրյանը հրաժարական տվեց, պատճառաբանելով, որ այն կապված է իր առողջական վիճակի հետ։
Գ․ Ջհանգիրյանի հրաժարականից հետո մինչ այդ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից միաձայն ընտրվեց ԲԴԽ անդամ:
Դեկտեմբերի 26-ին, մեկ տարվա ընթացքում շուրջ 5 կարգապահական վարույթների արդյունքում, ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Աննա Փիլոսյանը Արցախի Հանրապետության նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, որը գործող իշխանությունների կոշտ քննադատներից է։ Ըստ Ռ․ Մելիքյանի՝ կնոջ պաշտոնազրկման նպատակ իրեն վնասելն էր:
Խաղաղ հավաքների ազատություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակել է խաղաղ հավաքների մշտադիտարկումը։
2022 թ․ կատարված մշտադիտարկման ընթացքում Կոմիտեն հրապարակել է ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակների դիտարկումներն ամփոփող, ինչպես նաև հրատապ զեկույցներ։
2022 թ․ ՀՀ-ում անցկացված հավաքները, դրանց ընթացքում բարձրացված հարցերը կրկին կապված էին 2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքների և Արցախյան հարցի վերաբերյալ զարգացումների հետ։ Գործող իշխանության հրաժարականի պահանջով հավաքների հերթական ալիքը սկսվեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում ունեցած ելույթից հետո, որի ընթացքում վերջինս հայտարարեց, որ միջազգային հանրությունը իրենցից ակնկալում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։
Ապրիլ-հունիս ամիսներին իշխանության հրաժարականի պահանջով անցկացված հավաքները տևական ժամանակահատվածում աննախադեպ էին իրենց քանակով և խտությամբ։
Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած շարժման ընթացքում, որը կրում էր «Դիմադրություն» անվանումը, կազմակերպվել են 50-ից ավելի հավաքներ։ Հիմնականում աշխատանքային ժամերին շարժման մասնակիցները իրականցնում էին քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով Երևանի բանուկ խաչմերուկների երթևեկությունը, շրջապատում պետական տարբեր մարմինների, ներառյալ՝ կառավարության վարչական շենքերը, ինչպես նաև իրականացնում խորհրդանշական գործողություններ՝ փակում արագաչափերի տեսախցիկները:
«Դիմադրություն» շարժման ընթացքում աննախադեպ է եղել ոստիկանության ներգրավվածությունը։ Ապրիլ-հունիս ամիսներին անցկացված հավաքների և երթերի ընթացքում ներգրավված են եղել ոստիկանության և ոստիկանության զորքերի մեծաքանակ ուժեր՝ գրեթե բոլոր ստորաբաժանումներից և մարզային վարչություններից։
Միայն հունիսի 3-ին՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկի հատվածում անցկացվող հավաք-երթի ընթացքում ներկա էին ավելի քան 550 ոստիկաններ։ Ն․Փաշինյանի՝ ԱԺ-ում գտնվելու ընթացքում նստավայրի տարածքը պաշտպանվում էր դիպուկահարներով, լուսաձայնային նռնակներով, ինչպես նաև ինքնաձիգերով զինված ԱԱԾ աշխատակիցներով։ Հավաքների մասնակիցների՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունների կատարումը գրեթե մշտապես ուղեկցվել է ոստիկանության կողմից նրանց զանգվածաբար բերման ենթարկելով։ Ապրիլ-հունիս ամիսներին իրականացված մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են հավաքի մասնակիցների 2000-ից ավելի բերման ենթարկման դեպքեր, մի քանի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել և կալանավորվել են։ Միայն մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 414 անձի:
«Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում բերման են ենթարկվել նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, թեև վերջիններս օժտված են անձեռմխելիությամբ։ Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած հավաքների ընթացքում բազմաթիվ են եղել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և բռնությունների դեպքերը։ Առավել աննախադեպ բռնություններ են տեղի ունեցել հունիսի 3-ին, երբ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները գտնվում էին Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ։
Ոստիկանության կողմից կոպիտ միջամտություններ են կիրառվել սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ անցկացված բողոքի ցույցի ընթացքում, որտեղ հավաքվել էին 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորականների ծնողները, նպատակ ունենալով թույլ չտալ Ն․ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Վարչապետի այցին ընդադաջ ոստիկանության մեծաքանակ ծառայողներ քարշ տալով բերման ենթարկեցին 37 որդեկորույս ծնողների և նրանց հարազատների։
Քաղաքական հետապնդումներ
Ընդդիմության հավաքների բազմաթիվ մասնակիցներ 2022 թ․-ին ենթարկվել են հետապնդումների։ Օրինակ՝ մայիսի 12-ին կալանավորվեց «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որին մեղադրանք էր առաջադրվել Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջոցով ուսանողներին նյութապես շահագրգռելու համար՝ որպեսզի վերջիններս մասնակցեն ընդդիմության հավաքներին:
Մեղադրանքը հիմնված էր համացանցում տարածված ձայնագրության վրա։ Նույն
հոդվածով մայիսի 8-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի և անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ, որոնք երկու ամսով կալանավորվեցին:
Մայիսի 17-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յ․ Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու» համար։
Մայիսի 18-ին կալանավորվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը մեղադրվում էր 2021 թ․ ապրիլին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված արտահայտությունների համար հարուցված քրեական գործով՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց: Ինչպես հետագայում ներկայացրեց Ա․ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կալանավորման միջնորդությունում արված ձևակերպումներից բխում էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր «Դիմադրություն» շարժմանը նրա մասնակցությամբ:
Կալանավորումից մոտ երկու ամիս անց՝ հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, կալանքի փոփոխման հարցով հրավիրված նիստի ընթացքում Ա․ Գրիգորյանը մահացավ։
«Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքների մասնակիցների տվյալները փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ նրանց սահմանային ծառայության մեջ ներգրավելու նպատակով, ենթադրելով, որ ընդդիմության հավաքների վայրերից բերման ենթարկվածները «եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական։ Առաջարկը ողջունել էր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հաստատել էր, որ բերման ենթարկվածների ցուցակը տրամադրվելու է նախարարությանը։ Օգոստոսի 1-ից մեկնարկող հերթական եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, ըստ որոնց «Դիմադրություն» շարժման մի քանի տասնյակ մասնակիցների ուղարկվել են ծանուցումներ, ներառյալ կալանքի տակ գտնվող ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանին և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գ․ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին։ Վերջինիս ԵՊՀ ռեկտորը չթույլատրեց կալանավայրից հեռավար մասնակցել քննություններին, ինչի արդյունքում Տ․ Մանուկյանը դուրս մնաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից։
Բացի նկարագրված դեպքերից, դեռևս ընթացքի մեջ են նախորդ տարիներին ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնց շուրջ, քաղաքական լարվածությունից կախված, պարբերաբար լինում են սրացումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը