«Հետք»-ը գրում է.
«Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ ունեն հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել որպես Իշխանասար:
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն, միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով` երկու զինծառայողի հեշտությամբ են նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: Այն վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:
Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար, որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանն ասում է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:
Այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 44-օրյա պատերազմին վերաբերող ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակներում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխի:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ քննվող գործի շրջանակներում ՄԻԵԴ-ին ներկայացրել էին գերիներին ազատ արձակելու պահանջ` ցույց տալով, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու ընթացքում կա սպանվելու իրական վտանգ: Այդ ամենը ցույց են տվել կոնկրետ օրինակներով»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը