01 04 2022

Համակերպվիր այն մտքի հետ, որ դու չես արդարադատության առանցքը ու աշխարհը քո շուրջը չի պտտվում. Խուդոյանը՝ Դավթյանին․ 168․am

Համակերպվիր այն մտքի հետ, որ դու չես արդարադատության առանցքը ու աշխարհը քո շուրջը չի պտտվում. Խուդոյանը՝ Դավթյանին․ 168․am

168.am-ը գրում է․

«Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել»:

Նա նաև տեղեկացրել էր՝  ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Ըստ Աբրահամյանի՝ բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ եթե շատ պարզեցված, ոչ խիստ մասնագիտական լեզվով վերծանի այն, ինչ է ասում գլխավոր դատախազն իր բողոքով, ապա նա ասվում է, որ գործող օրենքը իրենց թույլ չի տալիս շարունակել գործը նոր մեղադրանքով:

«Շատ հստակ ասում է դա։ Հետո ասում է՝ դատարաններն այդ օրենքով առաջնորդվելով՝ գործը փակել են։ Բայց ասում է, այդ օրենքը լավը չի, արդար չի, մեզ հնարավորություն չի տալիս մեղադրանք փոխել, արդյունքում արդարադատությումը տուժում է։ Լավ, բա եթե օրենքը թույլ չի տալիս, դատարաններն էլ պիտի օրենքով չէ՞ շարժվեն, ի՞նչ անեն դատարանները, կարող ենք հարցնել»,- նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով՝  դատախազն ասում է՝ այդ դեպքում դատարանները պիտի դիմեին Սահմանադրական դատարան այն վատ օրենքի դեմ, որն իրենց թույլ չի տալիս գործը շարունակել։

Հարցին՝ «ո՞րն է վատ օրենքը», ըստ Գլխավոր դատախազության՝ պաշտպանը պատասխանեց՝ վատ օրենքը Քրեական դատավարության օրենսգիրքն է, որը թույլ չի տալիս դատախազին նոր մեղադրանքով գործը շարունակել այն դեպքում, երբ 300.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել:

«Հիմա հարց ենք տալիս, դուք, ի վերջո, դժգոհում եք դատարանի՞ց, թե՞ օրենքից։ Չէ՞ որ դատարանն օրենքով է առաջնորդվել։ Չէ, ասում են, մենք դժգոհում ենք, որ դատարանն արդարությունը պահելու համար չի դիմել Սահմանադրական դատարան: Այսինքն՝ ասում ենք, վիճարկում եք ՍԴ չդիմելը, ոչ թե օրենքի համապատասխան որոշում ընդունելը։ Բայց գիտեք չէ՞, որ Վճռաբեկ դատարանն ասել է՝ չի կարելի բողոքարկել ՍԴ դիմել-չդիմելու որոշումները»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Գլխավոր դատախազն էլ իր բողոքի մեջ, ըստ փաստաբանի, ամեն պատեհ-անպատեհ առիթով վերապահում է անում, որ իրենք չեն բողոքարկում ՍԴ չդիմելու որոշումը, բայց իրականում հենց դա էլ անում են։

«Հիմա էլ նորից վճռաբեկ բողոքի հետ միջնորդություն են ներկայացրել, որ հիմա էլ Վճռաբեկ դատարանը դիմի ՍԴ: Այսինքն՝ իրենք շատ լավ պատկերացնում են, որ ուզում են օրենքով չնախատեսված բան անել, այսպես ասած՝ օրենքի բացն են վիճարկում։ Բայց ախր այստեղ էլ խնդիր ունեն. եթե նույնիսկ ինչ-որ իրավամեկնաբանությամբ հաստատվի, որ օրենքի բացը պետք է լրացվի, միևնույն է՝ նոր օրենք պիտի ընդունվի, որը չի կարող այս գործով կիրառվել, այսինքն՝ կրկին դրանից օգուտ չունեն»,- նշեց Հովհաննես Խուդոյանը:

Նրա ընկալմամբ, այս ոչ իրավաչափ բողոքարկումների շարքը մի տրամաբանական բացատրություն ունի. դատախազը ցանկանում է մաքրվել ֆիասկոյից, պարտության բեռը դնելով դատական իշխանության վրա, որն իրենց իսկ ասելով՝ օրենքով է գործել։

«Ասենք, բողոքի մեջ այսպիսի մտքեր են արտահայտում, որ իրենք նախկինում շատ ճիշտ ու բարեխիղճ որակում են տվել։ Սա էլի թաքնված հարձակում է դատական իշխանության վրա։ Քեզ ասել են, որ հոդվածը հակասահամանդրական է իր ընդունված պահից, ուրեմն՝ դու, որպես պետության ներկայացուցիչ, երբեք չէիր կարող սխալ հոդվածով ճիշտ որակում տալ։ Համակերպվիր դրա հետ։ Համակերպվիր այն մտքի հետ, որ դու չես արդարադատության առանցքը ու աշխարհը քո շուրջը չի պտտվում, ընդամնեը ֆունկցիա ունես լինես արդարադատության համակարգի մի ատամնանիվը։ Իսկ այն, որ իրենք ամենևին բարեխիղճ չեն եղել, նախկինում շատ անգամներ են ապացուցվել։ Դեռևս նախաքննությունից այդ իրավական հարցերը բարձրացրել ենք, տեղյակ չէի՞ն, որ այդպիսի խնդիր կարող է առաջանալ»,- վրդովվեց Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանին հարցրինք նաև՝ ի՞նչ կարող է որոշել Վճռաբեկ դատարանը:

«Չեմ կարող ասել, թե ինչ ասելիք ունի այս դեպքում Վճռաբեկ դատարանը, սակայն չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է բավարարել դատախազի պահանջը և գոյություն չունեցող հոդվածով գործը ուղարկել նոր քննության։ Սակայն ողջամտորեն կարող են այնպիսի իրավամեկնաբանություններ տալ, որը լրացուցիչ անգամ կպարզաբանի վճռաբեկ բողոքարկման սահմանները, ՍԴ-ի, եռաստիճան դատական համակարգի և դատախազության ֆունկցիաների սահմանները»,- պատասխանեց Հովհաննես Խուդոյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ