12 05 2020

Նախարարություններում վհուկների որս է սկսվել

Նախարարություններում վհուկների որս է սկսվել

Նախարարություններում նորից «վհուկների որս է սկսվել», աշխատակազմերի ղեկավարների ու փոխնախարարների առջև, ըստ մեր աղբյուրի, խնդիր է դրվել նորից մաղել վարչական ապարատը՝ ինչ գնով լինի:  

Կադրային զտում իրականացնելու շարժառիթը այս անգամ կառուցվածքային փոփոխությունները չեն, մոտիվացիան, պարզվում է, վարչապետի այն բուռն ելույթն է եղել, որ հնչեց  աղմկահարույց տեսաուղերձի «հում» կադրերի արտահոսքից հետո: 

Փաստորեն, վարչապետի տեսաուղերձի հետևանքները կմարսեն նաև պետական որոշ ծառայողներ, ինչ է, թե իրենց նախարարներն ազդվել են քաղաքական թիմլիդերի կոշտ ելույթից, ու դրանում արտահայտած որոշ մտքերն ընդունել են ի գիտություն և անմիջապես անցել են գործի:

Հիշեցնենք, հայտնի տեսաուղերձի արտահոսքին հետևեցին պաշտոնանկություններ՝ Հանրային Հեռուստաընկերության ղեկավար կազմում, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի վրդովված ելույթը՝ նորից նախկինների ու «Սերժի մնացորդների» մասին: 

«Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան կադրային զտումներ, և դա կադրային ջարդ չի լիենլու, դա կլինի՝ մարդը օգտագործել է իրեն տրված շանսը, թե չէ, եթե չի օգտագործել, ուրեմն չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի, դեն նետվի:  Վենդետաներ ու կադրային ջարդ չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պիտի մաքրվի, էդ միանշանակ է»,- խոստացել էր Փաշինյանը ու անուղղակիորեն հանձնարարական էր իջեցրել կառավարության անդամներին: 

Տրամաբանությունը հուշում է, որ թիրախում հատկապես ՀՀԿ-ամերձ աշխատողները կլինեն։ Չմոռանանք՝ նրանց բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն առաջինը թրախավորել է հենց «սիրո և հանդուրժողականության մեծ քարոզիչ» Նիկոլ Փաշինյանը՝ նախկիններին անվանելով «շնաբարո դուրսպրծուկներ», «սերմացու գողացող մկներ» և ամենատարբեր տհաճ  որակումներով մեղադրել է համակարգի հնաբնակներին՝ իբր հեղափոխության տարածումը զսպում են և թույլ չեն տալիս պետական ապարատում հասցնել մինչև վերջ: 

Նշենք, մեզ հայտնի են դարձել տարբեր ֆորմատներով մի քանի աշխատակիցների հետ կայացած առանձնազրույցներ, ինչը հուշում է ազատման նախերգանքի մասին, սակայն մենք դեռևս չենք հրապարակի այդ նախարարությունների ու պաշտոնյաների անունները՝ զուտ  թիրախավորված անձանց շահերից ելնելով: Թիրախավորված անձիք պնդում են, որ չեն պատրաստվում արագ հանձնվել ու հարկադրաբար գրել ազատման դիմումները, թեև գիտակցում են նաև, որ պաշտպանված չեն, միևնույն է՝ ցանկացած ելք կգտնվի աշխատանքային օրենսգրքով իրենց ազատման հրամաններին հասնելու համար:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ