Չնայած որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով, այդուհանդերձ, հանդես են գալիս նոր հանգամանքներ, որոնք պարզում են՝ ոչ մի բան էլ չի բացահայտվել, ինչպես նաև կան բաներ, որոնց քննչական խումբը պարզապես բաց է թողել։ Առհասարակ, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսման հրապարակումը հօդս ցնդեցրեց վստահությունը, թե այս իշխանությունն ունակ է բացահայտել մեր պատմության ամենաիրարամերժ և հարցականներով լի էջը։ Հեղափոխական իշխանությունն այդպես էլ պաշտոնանկ չարեց մարտի 1-ի «բացահայտումը» խոստացած բարձրաստիճան այրերին՝ այդպիսով հետագայում մեծ կասկածի առիթ տալով հնարավոր բացահայտումների իրավացիության վրա։ Իսկ վերջերս հրապարակված «կողքի աչքերի» նկարահանումները բավականին դրվագներ են բացահայտում։ Այս անգամ՝ առանց չակերտի։
Ինչպես հենց ամենասկզբից, այսօր առավել կասկած է հարուցում հարցը՝ արդյո՞ք պատասխան են տալիս մեղավորները և արդյո՞ք լիարժեք քննություն է ընթանում։ Արդյո՞ք հեղափոխական իշխանությունը խնդիրը դրել է բացահայտել իրականությունը, թե՞, այնուամենայնիվ, փորձ է անում իրադարձության սցենարն իր ուզածով վերաշարադրել՝ հաշվի առնելով որ տասնամյա իրադարձությունների հիմնական դերակատարներից էր հենց Նիկոլ Փաշինյանը։
Հարցերը շատ են։
Հունիս ամսից հայտարարում են թե գործը բացահայտված է, սակայն որևէ մեկը չխոսեց 10 զոհերի մահվան հանգամանքների մասին և որ ամենակարևորն է՝ մեղավորների, կրակ արձակողների ինքնության մասին։ Փորձ արվեց Տիգրան Աբգարյանի մահվան պատճառ ներկայացնել հատուկ ջոկատայինների մեղքը, սակայն դա ևս հերքվեց։ Ի հակառակ հերքման՝ չբերվեցին ապացույցներ։ Այդ հայտարարությունը մնաց լոկ օդի տատանում, որ կոչվում է քամի։
Մարտի 1-ին անզեն ցուցարարների և զինված ոստիկանների, բանակայինների մասին իրական ու առասպելական բազմաթիվ գնահատականներ շատ ենք լսել։ ՀՔԾ պետը, որ սիրում է ամեն առիթով հայտարարել, թե «գործով անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել», նույնկերպ անհերքելիորեն նշում էր «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում են հասցրել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, նախաքննությամբ արդեն հիմնավորվել են»։ Ու ՀՔԾ պետն անգամ զլացել է դիտել երկրորդ նախագահի՝ 2008թ. մարտի 1-ի` արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ ասուլիսը, որտեղ Նախագահը լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Զոհերի մասին այս պահին տեղեկություն ես չունեմ։ Տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիավորների մասին։ Ոստիկանության աշխատողներ են և ոստիկանական զորքերի ծառայողներ»։ Այդ դեպքում, ի՞նչն է նախաքննությամբ հիմնավորվել։ Փաստենք՝ այլևս տարօրինակ չէ Սասուն Խաչատրյանից տարօրինակ հայտարարություն լսելը՝ «նախաքննությամբ հիմնավորվել է» բառակապակցությամբ փաթեթավորված։
Բայց օրերս էլի հայտ եկավ տեսանյութ, որը բավականին ուշագրավ է և փոխում է իրերի դասավորությունը։
Ընդհնրապես, մարտիմեկյան իրադարձությունների մասին համացանցում տարածված տեսանյութերը, պատրաստված վավերագրական ֆիլմերը բոլորովին միակողմանի են, նրանցում խոսվում է թշնամու կերպար ստացած ուժայինների և նրանց դեմ ելած խեղճ ցուցարարների մասին, որոնք զինված էին արդարությամբ և «ընտրություններում հաղթած» Տեր-Պետրոսյանի ոգևորիչ ճառերով։ Կարծես մի անտեսանելի ձեռք արգելափակել է հակառակ պնդումների ապացույցները հաջորդող 10 տարիների ընթացքում։
Մարտի 1-ի վերաբերյալ նոր տեսանյութը, սակայն, գլխիվայր շրջում է տարիներ շարունակ հրամցվող պատկերը, սնանկ են դարձնում ժամանակակից քննչական մարմինների մեղադրանքները և անզեն քաղաքացիների մասին հիմնավորումները։ Նշենք նաև, որ երբ ասում ենք անզեն, նկատի ունենք միայն մահակներով, քարերով ու փայտերով զինված։
Տեսանյութից պարզվում է, որ ցուցարարների մեջ եղել են մարդիկ, որոնք կրակել են ուժայինների ուղղությամբ։ Տեսանյութում երևում են ցուցարարների շարքերում երկու անձինք, որ հրաձգային զենքով կրակում են։
Politik.am-ի հարցմանը ՀՔԾ-ն պատասխանել է «Նշված տեսանյութը ուսումնասիրվել և կցվել է քրեական գործին, և քրեական գործի շրջանակներում ստուգվում է դրա իսկությունը, միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»։
Ի դեպ, նույն մարտի 1-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է ցուցարարների շարքերից արձակված կրակոցներին՝ ասելով․ «Այդ կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային այլ ցուցարարներ, որոնք զենք չէին կրում։ Կրակողը նրանց հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում»։
ՀՔԾ-ն, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը արդյո՞ք չեն ստացել նմանատիպ տեսանյութեր կամ հենց այս տեսանյութը, արդյո՞ք զինված և կրակող ցուցարարների մասին տեղեկություններ չեն ունեցել։ Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մամուլին ասել է, որ որևէ բան չի տեսել։ Այս տեսանյութերն օդից չեն ընկել, պարզապես թե այն ժամանակ, թե հիմա ուշադրության են արժանանում այն հատվածները, որոնք անհրաժեշտ են ուշադրություն դարձնողներին։
Եվ հիմա, երբ արդեն համացանցով տարածվել է, կկցեն գործին։ Կքննեն, թե ոչ և թե ի՞նչ կոնտեքստում, այլ հարց է։ Թվարկածից ելնելով, կասկածամիտ ենք, թե պատշաճ ուշադրություն է դարձվելու «նոր ի հայտ եկած» կարևոր հանգամանքին։
Ինչո՞ւ։
Գործը քննող ՀՔԾ ղեկավարի բազմաթիվ ճեպազրույցները, հարցազրույցները, հայտարարությունները և վերջապես՝ հայտնի գաղտնալսումն ունկնդրելով, ակնհայտ է կողմնակալ դիրքը, որը, կարծում ենք, զուտ քաղաքական խնդիր լուծելու համար է։ Հեղափոխական ալիքի վրա մարդկանց չհիասթափեցնելու, խնդիրներից շեղելու համար ստեղծվել են գլխավոր մեղավորների մի քանի կերպարներ, որոնց շուրջ ֆանտաստիկ պատում է հյուսվում։ Եվ այդ պատումն ավարտվում է մեկ գլխավոր նախադասությամբ՝ «ուզես-չուզես՝ պտի տաս» (կալանավորում)։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ այսօր գոյություն ունի իշխանություն, որն ամեն գնով ուզում է ոչ թե բացահայտել մարտի մեկը, այլ՝ ամեն գնով որպես մեղադրյալ ներգրավել նախկին իշխանության ղեկավարներին և բանակի բարձրաստիճան սպաներին։ Պետք է նշանակված մեղավորների շուրջ կառուցված անգրագետ քրեական գործին ինչ-որ զարգացում ապահովել, բայց հանկարծ հրապարակ է ելնում տեսանյութ, որն ի չիք է դարձնում շատ «հիմնավորումները»։ Իսկ նման տեսանյութեր գուցե մի քանիսն են։
Այստեղից հենց դրվում է մարտիմեկյան հավաքի կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու հարցը։ Չի կարող այդ մարդկանց փողոց հանած ընդդիմությունն ասել, թե հանրության շարքերից կրակողները սադրիչ էին։ Իհարկե, սադրիչներ կարող էին լինել, բայց այդ դեպքում ի՞նչ էին անում նրանց կողքին կանգնած սթափները, երբ կողքինը կրակ էր արձակվում ոստիկանության ուղղությամբ։ Եվ ընդհանրապես, հավաքի կազմակերպիչները պատասխան են կրում հավաքվածների վարքի համար։ Որի համար, ըստ ամենայնի, հետագայում դատապարտվեցին։ Ոչ բոլորը ...
Ի դեպ․ քիչ թե շատ լսողություն ունեցող ցանկացած մեկը կարող է հասկանալ, որ այդ տեսանյութում՝ ցուցարարների կրակոցի ֆոնին, լսվում է ձայն, որը հեղափոխության ողջ օրերին մեր ականջներից դուրս չեր գալիս։ Ոչ ավել, ոչ պակաս՝ Փաշինյանի ձայնն է՝ բարձրախոսով։ Պատկերն ամբողջանում է։
ԱԱԾ տնօրենի օրինակով ասած՝ «ուզես-չուզես պիտի քննես»։ Նոր հանգամանքներ են, չափազանց վտանգավոր ասեղ՝ իշխանական մեծ փուչիկը պայթեցնելու համար։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը