11  09  2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մամուլի ասուլիսը



Սեպտեմբերի 11-ին հրատապ մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ասուլիսը կապված է համացանցում տարածված՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց ձայնագրության հետ:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ հատվածներ՝ տեքստային տարբերակով:

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան

Ես եղել եմ Ժնև քաղաքում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված այնտեղ էի։ Այդ խոսակցության ժամանակ եղել եմ մեքենայի մեջ՝ օդանավակայանի ճանապարհին:

Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյանը որպես իրավաբան տվել է բացատրություններ այդ հարցի շուրջ։ Այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որ սկսել ենք, շարունակելու ենք և մեզ չի խանգարելու ոչ մի բան։ Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև և այդ պրոցեսն անկասելի է:

Ասված է հետևյալը. վարչապետն ասել է, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար։ Մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը, անգամ եթե վարչապետն ասել է՝ պետք է փակեք, ես ասել եմ՝ նայեք իրավական հիմքերը։ Վարչապետը չի ասել՝ փակեք, ասել է, որ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան նրանց կալանավորելու հիմքերը :

Հիմա եկեք՝ հերթով սաղ բառերը հանենք, սկսենք ամեն բառին մեկնաբանություն տալը։ Եթե խոսակցությունը լսել եք, հաղորդագրություն կա, որն ուղարկվել է Խաչատրյանին, որտեղ փորձագիտական կարծիք է։ Ես Հրաչի հետ չեմ խոսել, ես Հրաչ չեմ ճանաչում, բայց այստեղ գալուց առաջ պարզվեց, որ խոսքն այն դատավորի մասին է, որը կալանքը տվել է Ռոբերտ Քոչարյանի։ Ես նրա հետ ծանոթ չեմ, անձամբ չգիտեմ: Ես սխալ ինֆորմացիա չեմ տվել, ես չեմ խոսել Հրաչի հետ, դա անհերքելի փաստ է, կարող են բոլորը տեսնել, որ ես դատավորի հետ անձամբ ծանոթ չեմ:

Եղել է խոսակցություն, որի ընթացքում սովորական լեզվով ասել եմ այն, ինչ ասել եմ։ Ինչ վերաբերում է ռուսների հետ հազիվ ենք կարգավորել խոսակցությանը, ապա գաղտնիք չէ, որ «թավշյա հեղափոխությունից» հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել և նոր իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը։ Այդ մտահոգությունը կար նաև մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է:

Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրության աղբյուրը և թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել և առաջիկայում կիմանանք մանրամասները: Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ հարցում որևէ թերացում և թերություն չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում:

Ես կառչած չեմ այս պաշտոնից, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ անելու։ Որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես հրաժարական կտամ։

Կա՛մ հասարակությունը, կա՛մ հանրապետության քաղաքական ղեկավարությունը։ Բայց այս ձայնագրության տարածման հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որ սկսել ենք, թողնենք կիսատ։ Անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք սկսել այդ գործը, տեղյակ ենք մանրամասներին և ունենք այնքան կամք ու վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին:

Երկրի անվտանգության համար դա շատ վատ է։ Տպավորություն է, որ երկու կառույց՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, որոնք վերջին շրջանում ստանձնել են դեր՝ այս երկրում, հանրությունն իր գնահատականը բազմիցս տվել է։ Այս 3-4 ամսվա ընթացքում մենք այնքան գործ ենք արել, որ վերջին 10 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել։ Եթե ԱԱԾ ներսում է արվել ձայնագրությունը, շատ ցավալի է։

Քրեական գործ է լինելու։ Եթե գաղտնալսում են ինձ ու ՀՔԾ պետին, ապա շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին՝ վարչապետին, նախագահին պաշտպանության նախարարին:

Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորի ուղեկցությամբ շրջել և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում են: Ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամենն անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների ու ընկերների հետ:

Իմ և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման նպատակն է շեղել մեզ բռնած ճանապարհից: 

Մենք այս 3-4 ամսվա ընթացքում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել: Ես կարող եմ դա ապացուցել թվերով: Ինձ համար հանելուկ է, ձայնագրությունը 2-3 ժամ է, որ հայտնվել է: Քննություն կարվի, կպարզվի, եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է, եթե ԱԱԾ ներսում չի արվել... Արդեն հարուցված է քրեական գործ:

Գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն, չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, որ կարող են իրականացնել իրենց ղեկավարների գաղտնալսում: Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան: Ես չեմ կարող խոսել ենթադրություններով: Եթե հիմա սաեմ, այո արտաքին ուժերն են, կասկածում եմ, չեմ կասկածում, դա 100 մեկնաբանության առիթ է տալու: Մասնավոր զրույց չենք վարում, որ գնահատականներ տամ: Ես և Սասուն Խաչատրյանը այդպիսի մասնավոր զրույց ենք ունեցել, որը ներկայացրին որպես սենսացիա: Դա սենսացիա չէ, ամոթալի իրողություն է: Ես դա կհամեմատեմ նրա հետ, որ մեր զինվորները խրամատում հակառակորդի դեմ են կռվում, հետեւից մի քանի հոգի գան ու սկսեն քարերով խփել մեր զինվորներին: Եթե խորը մտածեք, կհասկանաք, որ ես ճիշտ եմ ասում, դա անթույլատրելի բան է:

 

Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան

Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել և օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու և անելու ենք մեր գործը:

Վարչապետը բազմիցս ասել է, որ որևէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել:

Եթե լսել եք՝ տվյալ ձայնագրության մեջ ես խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին, և ասում, թե ինչ պատճառով այս ձերբակալումը չի իրականացվել։ Եկրորդ՝ այնտեղ խոսվում է ՀԱՊԿ նախագահ Խաչատուրովի կալանավորման մասին, որտեղ տեղյակ եմ պահում Վանեցյանին, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է ու ես հայտնել եմ վարչապետին։

Սա ինքնին հանցանք է՝ անձի մասին առանց դատարանի թույլտվության տեղեկություններ հավաքել և հրապարակել, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կկատարվի նախաքննություն։ Սա ուղղված է իմ ու պարոն Վանեցյանի գործողությունները կասեցնելուն, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկրում, վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին։ Սա շատ խղճուկ փորձ է ՝ մեզ կանգնեցնելու:

Սեյրան Օհանյանի մասով առաջադրված մեղադրանք այս պահին չկա։ Տակտիկապես դա քննիչն է որոշում՝ երբ առաջադրեն մեղադրանքը, ինչ խափանման միջոց ընտրել:

Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի գործողություններին, այլև կոնկրետ կրակել է մարդկանց ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել:

Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա։ Սա նույնպես ապացուցված է քրեական գործի նյութերով։ Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը:

Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: 

ՊՆ պահեստից, ըստ նրա՝ «ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորին, որ զինծառայողներից չտարբերվեն և պրովոկացիաներ անեն:

Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել:

Մինչ այս պահը նպատակահարմար չի գտնվել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն: Շատ կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ, մի ստիպեք ինձ նախաքննության գաղտնիք բացահայտել: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհրավիրվի ու կհարցաքննվի այն ժամանակ ու այն կարգավիճակում, որը վարույթն  իրականացնող մամինը կհամարի անհրաժեշտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ